Գեղարքունիքի մարզում հացահատիկի արտերի հնձված առաջին հեկտարները բարձր բերք են ապահովում
EconomicsԳեղարքունիքի մարզում արդեն մի քանի օր է, ինչ սկսվել եւ ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները: Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ առանձին տնտեսությունների եւ համայնքների ղեկավարներից, հնձված հացահատիկի արտերի առաջին հեկտարները, բարձր, անգամ՝ ռեկորդային բերք են ապահովում:
«Ցանել եմ 2 հեկտար աշնանացան ցորեն եւ մեկ հեկտարից ստացել 4 տոննա ցորեն: Սա հիանալի արդյունք է, կարելի է ասել, որ բնությունը դեռ մեզ այսպիսի առատ բարիք քիչ էր տվել»,-հավաստեց Վարդենիկ գյուղի բնակիչ, ազատամարտիկ Գեւորգ Այվազյանը: Բերքահավաքի արդյունքներից գոհ էին նաեւ Վարդաձոր գյուղում, որտեղ հնձված արտերի մեկ հեկտարից ստացվում էր 35-40 ցենտներ գարի եւ ցորեն: «Նախորդ տարին անչափ անբարենպաստ էր, գրեթե բերք չտարանք տուն, բայց այս տարի մեր սպասածից շատ ավելին ենք ստացել. 10 ար հողամասից ստացել ենք մոտ 400 կիլոգրամ գարի»,-ներկայացրեց Վարդաձորի գյուղացիական փոքր տնտեսության ղեկավարը:
Բարձր բերքատվություն են ապահովում նաեւ Գանձակ գյուղի ցորենի եւ գարու արտերը, որոնք կազմում են 750 հեկտար: «750հեկտարի կեսը կազմում են աշնանացան ցորենի, մնացած մասը` գարնանացան ցորենի եւ գարու արտերը: Գարու արտերն ապահովում են 35 եւ ավելի, ցորենի արտերը՝ 40-45 եւ ավելի ցենտներ բերքատվություն: Մենք մեր առաջիկա երկու տարիների բերքն արդեն ապահովել ենք: Գանձակում մարդիկ հացը ցանում են ներքին պահանջների բավարարման համար: Իսկ ավելցուկ մասը վաճառելու համար, կարծում եմ, խնդիրներ չեն առաջանա: Բերքի համար առատ ու հիացնող տարի է, առաջիկա 15 օրերի ընթացքում, եթե թույլ տան եղանակային պայմանները, հացահատիկի բերքահավաքը կավարտենք ամբողջությամբ»,-ներկայացրեց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը:
Փոքր Մասրիկում եւս մարդիկ գոհ են ստացված բերքից:»800 հեկտար ցանք ունենք, որից 550 հեկտարը զբաղեցնում են աշնանացան ցորենի արտերը: Հեկտարից միջինը ստանում ենք 2 տոննա գարի, 2,5-3 տոննա ցորեն: Արտեր էլ կան, որ մոտենում են 4 տոննայի սահմանին: Ոչ մի թիզ հող մեզ մոտ անմշակ չի մնացել»,-հավաստեց Փոքր Մասրիկի գյուղապետ Վարդան Մարգարյանը:
Մեծ Մասրիկի ֆերմերային տնտեսության ղեկավար Իվան Ասատրյանը նշեց, որ իրենց հացահատիկի արտերը մեկ հեկտարից միջինը ապահովվում է 25-45 ցենտներ բերք: «Գարու արտերի միջին բերքատվությունը կազմում է 25-40, ցորենի արտերին՝ 25-45 ցենտներ: Նման բերքառատ տարի ես չեմ հիշում»,-ներկայացրեց Իվան Ասատրյանը: Հացահատիկի բերքահավաքն այս օրերին համատարած ընթանում է մարզի բոլոր համայնքներում:
Խոսրով Խլղաթյան