ՍԴ-ն կքննի Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի և Վարդգես Գասպարիի ներկայացրած դիմումները
SocietyՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 2-ին գրավոր ընթացակարգով կքննի քաղաքացիներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:
ՀՀ քրդատ. օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «միջնորդությունները քննում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում` միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ»: Նույն օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն: Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կան չել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին»:
Հոկտեմբերի 11-ին Բարձր դատարանը գրավոր ընթացակարգով Վարուժան Ավետիսյանի դիմումի հիման վրա կքննի նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Օրենսգրքի այդ դրույթը սահմանում է, որ «վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
ՀՀ բարձրագույն դատական ատյանը սեպտեմբերի 20-ին գրավոր ընթացակարգով Վարդգես Գասպարիի դիմումի հիման վրա կքննի նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180 պրիմ հոդվածի 15-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Նշված օրենսդրական դրույթը սահմանում է, որ հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով: