Իշխանությունների կարգախոսը նույնն է՝ «ժողովրդի հաշվին, սեփական բիզնեսի հույսով»
AnalysisԻնչքան էլ նախկին ու ներկա իշխանավորները փորձեն անմեղ ձևանալ ու իրենց «ամրակցված» անձանց բիզնես հաջողությունները լոկ որպես սովորական երևույթ ներկայացնել, միևնույնն է, պարզից էլ պարզ է, որ դրանք հերթապահ արտահայտություններ են, որոնք իրականում որևէ աղերս չունեն իրականության հետ:
Բոլորին է հայտնի ժողովրդական այն ասացվածքը, որ «մեղր վաճառողը մատը կլիզի», այսինքն` պարզ է, չէ՞, որ մեղրի տակառին մոտ կանգնած ցանկացած մարդ էլ դրանից կօգտվի, բայց, որ մեղրի տակառի պարունակությունից ստացված եկամուտը միայն ու միայն իր մերձավորների գրպաններում կտեղավորի ու դեռ մի բան էլ տակառի պատերը այնպես կմաքրի, որ ժողովրդին հանկարծ ոչինչ չհասնի, արդեն անտանելի է:
Այդ անտանելիության մթնոլորտում Հայաստանն արդեն երկար ու ձիգ տարիներ «գոյատևում է»` իր ունեցածը ոչ թե ներդնելով ի շահ երկրի ու սեփական ժողովրդի բարեկեցության, այլ այս կամ այն իշխանավորի գրպաններում տեղավորելով, որ հետո դրանք բարեկեցիկ եվրոպաներում ու ամերիկաներում ներդրվեն և արդեն անձնական եկամուտներ ապահովեն նույն այդ պաշտոնյաների համար:
Հիմա էլ հերթը բոլորիս աչքի առջև «ծնված» ու «մեծացած» երիտասարդ, իշխանությունների կարծիքով բավականին խոստումնալից կադր համարվող Արմեն Գևորգյանի ընտանիքի անդամների ու նրա հարազատների բիզնես-հաջողությունների «գաղտնիքի» բացահայտումն էր:
Թեև նույն այդ պաշտոնյային երկար ժամանակ հաջողվել է ներիշխանական գզվռտոցներից մշտապես «մաքուր» դուրս գալ, բայց արի ու տես, որ նա էլ չի մերժել հաճելին օգտակարի հետ համատեղել և բավական մեծ նախնական կապիտալի «երաշխավոր» լինել ու իր ընտանիքի բարեկեցիկ ապագայի համար չեխական իրականությունն օգտագործելով հաջողակ բիզնես նախագծեր կյանքի կոչել: Լավատեսները անմիջապես կասեն՝ ով էլ լիներ նրա փոխարեն, նույն բանը կաներ, բայց իրականում սա ևս մեկ ապացույց է, որ բարձր պաշտոններ զբաղեցնողներն առաջին հերթին մտածում են սեփական ֆինանսական դիրքերն ամրապնդելու մասին` առաջնորդվելով «ժողովուրդը համբերատար է», «ժողովուրդը կսպասի» սկզունքներով և ամենևին էլ չեն մտահոգվում, թե երկրի սովորական մշակը ինչպես է իր օրը կարողանում մի կերպ գլորել, երբ գյուղում ջուր չկա բերքը մշակելու համար, իսկ հոգսերի կույտն այնքան է մեծացել, որ այլևս տանել հնարավոր չէ:
Որքան էլ Արմեն Գևորգյանը փորձի համոզել, որ թեև ընկերություն է անում տեղի հաջողակ գործարարների հետ, բայց նրանց հետ որևէ բիզնես-նախագծեր չի իրականացնում կամ կյանքի կոչում, միևնույնն է, ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս տնտեսական հաջողություն ունենալը ոչ թե խելքի, այլ երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ սերտ կապեր ունենալու արդյունք է: Եթե կապեր ունես, հաջողակ էլ կլինես, հարուստ էլ:
Եվ երկար տարիներ նման ձևով երկիրը «կառավարելով», բնական է, որ իշխանավորները ժամանակ էլ չեն ունենա մտածելու, թե ինչպես է պատահում, որ իրականում երկիրը օրեցօր ոչ թե ծաղկում է, այլ գնալով խրվում հողի ու ցեխի մեջ կամ ինչպես է հողի մշակը փորձում առանց ջուր ու ջրի հույս ունենալու, սեփական ուժերով ու չարչարանքով հողից հաց քամել ու իր ընտանիքը պահել: Այդ մարդկանց դուռը թակելու ու նրա հոգսը կիսելու փոխարեն մեր իշխանավորները զբաղված են սեզոնի ժամանակ գյուղացու հետ մի քանի սելֆի-մելֆի անելով ու նորից իրենց հով աշխատասենյակները փախչելով` հավանաբար, սեփական բիզնես դիրքերն էլ ավելի ամրապնդելու հույսով, իսկ ժողովուրդը նստած սպասում է, թե երբ է գալու այն օրը, որ ժողովրդի առուն էլ ջուր գա ու նրանց կյանքն էլ մի փոքր թեթևանա ….
Արմինե Գրիգորյան