«Մենք» խուլերի թատրոն-ստուդիան մնջախաղի փառատոնին ոսկե մեդալի է արժանացել
SocietyՕգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում անցկացված Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնին մասնակցել է նաև Արարատյան Հայրապետական թեմի «Մենք» խուլերի մնջախաղի թատրոն-ստուդիան` «Հոսանքին հակառակ» ներկայացմամբ: Այս մասին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից: «Ներկայացման հիմքում անհատի բախումն է հասարակության հետ։ Անհատը կարողանում է դիմակայլ չարին և չհանձնվել՝ հավատալով բարությանը, ազնվությանն ու արդարությանը։ Եվ հենց սիրո ու հավատի շնորհիվ է, որ արթնանաում է ամբոխի կարծրացած հոգին։ Մեր նպատակն էր աշխատել պրոֆեսիոնալ դերասանների նման և խուլերը լիովին կատարեցին իրենց առաջ դրված խնդիրը»,-նշել է խմբի գեղարվեստական ղեկավար Իննա Հախնազարյանը։
15 հոգուց բաղկացած խումբը ստեղծվել է 2012 թ.-ին, սակայն պրոֆեսիոնալ մնջախաղով սկսել են զբաղվել 2014 թվականից՝ համագործակցելով Հայաստանի Մնջախաղի պետական թատրոնի հետ:
Փառատոնի մեկնարկը տրվել է Ծաղկաձորի քաղաքային հրապարակում, որին մասնակցել են ԻԻՀ, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Սերբիայի և Հարավային Աֆրիկայի խմբերը:
Խումբը ստացել ոսկե մեդալ և սերտիֆիկատ Լ. Ենգիբաևյանի անվան միջազգային հինգերորդ փառատոնին մասնակցելու համար։ Մոտ ապագայում պլանավորվում է նաև համատեղ ներկայացումներ ունենալ Ստեփանակերտի և Վրաստանի խուլերի թատերական խմբերի հետ։
«Բարին քեզ հետ է ապրի՛ր և պայքարի՛ր։ Մենք նաև այս միտքն էինք ցանկանում հասցնել հանդիսատեսին, որն իմ կարծիքով լիովին տեղ հասավ»,-հավելել է խմբի գեղարվեստական ղեկավարը։