Նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների համար անհրաժեշտ է մշակել ժամանակին համահունչ չափորոշիչներ
SocietyՆոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 19-ին հանդիպեց հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:
Ըստ նախարարի, այս տարի առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու մարզերի կրթական հաստատություններին:
«Եթե բարելավվի կրթական հաստատությունների վիճակը մարզերում, գուցե շատ երիտասարդներ չլքեն իրենց մարզերը, շարունակեն գործունեություն ծավալել այդտեղ»,-ասաց նախարարը:
Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ շատ կարևոր է չափորոշիչների և մասնագիտությունների խնդիրը: Ժամանակի պահանջներին համապատասխան չափորոշիչներ է պետք մշակել:
Ըստ նախարարի, ԲՈՒՀ-երի ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների գործառույթն է՝ կարողանալ ապահովել բակալավրիատի սպասարկող միջին մասնագիտացում: Նա կարծում է, որ պարտադիր չէ, որ այս կամ այն ուղղվածությունն ընտրած անձը բակալավրիատում նույն մասնագիտացումը ստանա:
«Բժշկական ուղղվածություն ունեցող կրթական հաստատությունների հարցը նույնպես կարևոր է: Անհրաժեշտ է վերանայել մասնագիտությունների ցանկը:
ՀՀ առողջապահության նախարարությունը փաստում է, որ երկիրը չունի և երկար ժամանակ չի ունենա այն մասնագետությունների կարիքը, որոնք հիմնականում ընտրում են դիմորդները:
Պետք է կողմնորոշվել և ընտրել այնպիսի մասնագիտություններ, որոնց կարիքն այսօր կա»,- շեշտեց նախարարը և հավելեց, որ դժվար է բժշկական կրթություն ստանալ մի վայրում, որտեղ չկան պայմաններ:
Լևոն Մկրտչյանը կարծում է, որ պետք է հատուկ լոբբինգ իրականացնել դպրոցներում և երեխաներին կողմնորոշել պահանջարկ ունեցող մասնագիտություն ընտրելու հարցում:
Անդրադառնալով տնօրեն ընտրելու հարցին՝ ԿԳ նախարարն ընդգծեց, որ հինգ տարին լրանալուց հետո տնօրենը կարող է վերապատրաստում անցնել և շարունակել իր պաշտոնավարումը:
«Մենք որոշեցինք, որ վճարելու հնարավորություն ունեցող մարդիկ, ովքեր ուզում են միջին մասնագիտական կրթություն ստանալ, կարող են առանց քննության ընդունվել: Քննություն չեն հանձնում նաև անվճար սովորող ուսանողները: Կարծում եմ՝ անվճարունակ երեխան պետք է քննություն հանձնի ընդունվելու համար»,- շեշտեց նախարարը:
Խոսելով միջին մասնագիտական հաստատությունների մասին՝ նախարարն ասաց, որ դրանք պետք է ամուր կապ ապահովվեն աշխատաշուկայի և բնակչության միջև: «Միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո անձը կարող է ապահովել իր և իր ընտանիքի կեցությունը»,- ասաց Լևոն Մկրտչյանը: