Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմում մեկնարկել է շաբաթօրյա դպրոցների նոր ուսումնական տարին
SocietyՀյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմում մեկնարկել է շաբաթօրյա դպրոցների 2016-2017 ուսումնական տարեշրջանը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն Հովհաննես սարկավագ Գումրույանը, արձակուրդի ողջ ընթացքում կատարվել էին նախապատրաստական բազմաթիվ աշխատանքներ. դպրոցները համալրվել էին նոր արդիական, ուսումանական միջոցներով, դասագրքրերով և այլ պարագաներով:
Մինչ ուսումնական տարվա մեկնարկը 2016 թ. օգոստոսի 13-ին, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի նախագահությամբ ու օրհնությամբ տեղի ունեցավ շաբաթօրյա վարժարանների ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացը։
Գիտակրթական հանձնախմբի պատասխանատուներից, բազմափորձ մանկավարժ, դոկտոր Էլլի Անդրեասյանի նախաձեռնությամբ, այս տարվա թեման նվիրված էր «Հայ ինքնության» խնդիրներին։
Բացման և օրհնության խոսքում, առաջնորդ սրբազան հայրն իր մտորումները շաղախեց երանաշնորհ Վազգեն Ա հայրապետի ազգային ինքնության դիպուկ բնորոշումներին, որոնք այսօր էլ շարունակում են լինել յուրօրինակ ուղերձ և լուսավոր փարոս մեր հարատևության պայքարում։
Թեմի Քրիստոնեական դաստիարակության պատասխանատու, աստվածաբան Մաշտոց Չոբանյանն անրադարձավ ազգային ինքնության հարցերին՝ այն համադրելով կրոնական, աստվածաբանական ու բարոյական չափանիշներին։ Նյութի տրամաբանական շարունակությունն էր նշանավոր գիտնական, պրոֆեսոր Կարո Մոմջյանի դասախոսությունը՝ «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման դերը հայի ինքնությունը կերտելու գործում»։ Բանախոսն առաջնորդվելով արիստոտելյան հայտնի սկզբունքով՝ հաճելի երկխոսությույն սկսեց մանկավարժների հետ։ Վերջիներիս առաջնորդեց պատմական անցյալի և ներկայի ազգային ինքնության ու լինելիության հանգրվաններով՝ միաժամանակ կարևորելով համաշխարհային փորձը և արդի մոտեցումները։
Աշխատանիստի վերջին բանախոսն էր դոկտոր էլլի Անդրեսյանը, որն էլ ամփոփեց օրվա նյութը՝ զուգահեռելով գործնական, խմբակային աշխատանքներով, հարց ու պատասխաններով։
Վերջում թեմի տարբեր շրջաններից ժամանած հիսունից ավելի մանկավարժներին իր բարեմաղթանքները փոխանցեց և համաժողովն աղոթքով փակեց առաջնորդական ընդհանուր փոխանորդ և շաբաթօրյա վարժարաններ հոգաբարձության ատենապետ, հոգեշնորհ Տ. Բագրատ ծ. վրդ. Բերջեկյանը։ Հայր սուրբը ներկաներին փոխանցեց նաև Հովնան սրբազանի հեղինակած վերջին հրատարակությունները։
Արևմտյան թեմը՝ հավատարիմ իր քրիստոսանվեր ու ազգային առաքելությանը, շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի շաբաթօրյա դպրոցներում սովորող շուրջ 1000 աշակերտների մատաղ հոգիները թրծվեն մաշտոցյան շնչով, հայրենիքի ու Մայր եկեղեցու հետ հարատև հաղորդակցությամբ ու սիրով: