Արթիկի հեղեղից տուժած Մոնղորյանները հավելյալ օգնության կարիք ունեն
SocietyNEWS.am-ը գրում է.
Արթիկի` հունիսի 24-ի հեղեղումից տուժած Մոնղորյանները պատրաստվում են դիմել վարչապետին՝ հավելյալ օգնություն տրամադրելու խնդրանքով:
«Որ մեկ միլիոն էլ օգնի, խելքս գլուխս կուգա: Եղած գումարի վրա որ ավելացնեմ, հազիվ ես կարամ ռեմոնտ էլ անեմ: Բայց ես ոչ մի կահույք չունեմ, երեք սենյակի իրերն ամբողջությամբ փչացել են»,- ասաց ընտանիքի հայրը՝ Լեւոն Մոնղորյանը:
Մոնղորյանների անասնագոմում հավաքված ջուրը ցամաքել է: Արդեն կիսով չափ վերանորոգել են հեղեղից վնասված տունը: Մոնղորյանների ընտանիքում 7 անձ կա, որոնցից 3-ն անչափահաս են, երկուսը՝ թոշակառու:
Ընտանիքի հայրը NEWS.am-ին ասել էր, որ երբ հեղեղից հետո վարչապետն այցելել էր իրենց, տեսել էր տան վիճակը, հաստատել, որ այն ապրելու ենթակա չէ, քաղաքապետին հանձնարարել է, որ բնակարանով ապահովի նրանց, բայց բնակարանի փոխարեն նրանք փոխհատուցում ստացան:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները: Ջուրն ու դրա խիճը լցվել էին տներ, ամբողջությամբ վնասելով պատերը, տան գույքը: Ջրալցվել էր ոմանց անասնագոմը, անասունները՝ մեջը:
Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի, որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ:
Բնակիչները տարբեր չափի՝ մինչեւ 4 միլիոն դրամի փոխհատուցումներ են ստացել: