Նոր անձնագիր ստանալու համար ոչ միայն երկաթից նյարդեր, այլև հավելյալ գումար է անհրաժեշտ
AnalysisՊարզվում է` հին անձնագիրը նորով փոխելն այդքան էլ հեշտ գործ չէ: Ոստիկանության հայտարարությունը, թե կապույտ անձնագիր ստանալու համար պետք է ընդամենը 1000 դրամ վճարել, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ, բացի նշված 1000 դրամից, հարկավոր է բանկի սպասարկման վարձ կոչվածի կամ էլ տերմինալի «ծառայության» համար վճարել` գումարած դրան 1000-2000 դրամ ունենալ անձնագրի համար նոր նկար նկարվելու համար: Սրան գումարած` պետք է նաև անսահման ժամանակ ունենալ, քանի որ անձնագրային բաժիններում սարսափելի հերթեր են, իսկ 1000 դրամով նկարվելու համար պետք է ոչ ավել, ոչ պակաս 2 ժամ 40 րոպե սպասել:
Ներկայումս նման տհաճ պայմաններում է մայրաքաղաքի Արաբկիր համայնքի անձնագրային բաժնում նոր անձնագիր տրամադրվում: Ավելին, նկարը, հին անձնագիրը և 1000 դրամի կտրոնը անձնագրայինի աշխատակցի կողմից ընդունելու դեպքում դեռ մեկ շաբաթ էլ պետք է սպասել նոր անձնագիրը ստանալու համար: Մի խոսքով, իսկական քարե դար: Եվ սա այն դեպքում, երբ ավելի վաղ հենց անձնագրային բաժնում էին լուսանկարում` մարդկանց զերծ պահելով ավելորդ նյարդեր, ժամանակ ծախսելուց: Բայց, ինչպես ասում են, առաջ գնալու փոխարեն կրկին հետ ենք գնում դեպի դալաններում տեղակայված ֆոտոներ ու մասնավորի կողմից թելադրվող պայմաններ:
Դե, մասնավորն էլ նստած սպասում է, որ մի անցորդ իրենց դիմի, որ ինչքան իրենց երևակայությունը թույլ է տալիս, անմարդկային պայմաններ ստեղծեն իրենց «ծառայությունը» կրկնակի թանկ վաճառելու և ավելի շատ գումար աշխատելու համար:
Սպառողի կողմից ցանկացած բողոք լսելու դեպքում ֆոտոներն ունեն նաև հերթապահ պատասխան. «Մենք հաճախորդների պակաս չունենք, սրանք են մեր պայմանները, չե՞ք ուզում, ուրիշ տեղ գնացեք …», լավ իմանալով, որ տարածքում այլ ֆոտո-ծառայություն պարզապես չկա և հաճախորդը կամ պետք է մեկ օր ավել վազվզի այլ վայրում նկարվելու համար կամ պետք է համաձայնի պատերի տակ 2 ժամ 40 րոպե սպասել:
Եվ սա կոչվում է ազատ շուկայական հարաբերություններ, իսկ իշխանություններն էլ ասում են, թե պետությունն իրավունք չունի խառնվելու մասնավորի գործերին: Բայց, հարգելի´ իշխանավորներ, չե՞ք հիշում, որ դրսում 21-րդ դարն է և մեկ պատուհանի սկզբունքով աշխատելու ու մարդկանց խնդիրներն արագ և արդյունավետ լուծելու մեխանիզմներ ներդնելու փոխարեն հարմար դիրքավորվել եք նախորդ դարերում ու չեք էլ ուզում գոնե կես քայլով առաջ շարժվել:
Հետո ասում եք` մարդիկ բողոքում են, բա չբողոքեն, ի՞նչ անեն, երբ պետական ցանկացած մարմնի դիմելու դեպքում ո´չ հավելյալ գումարներ վճարելուց հնարավոր չէ խուսափել, ո´չ էլ նյարդեր ու ժամանակ քայքայելուց:
Արմինե Գրիգորյան