Մեղրի ու հատապտուղների 5-րդ փառատոնը տավուշցիների համար անհնարինը դարձրել է իրական
SocietyԱրդեն հինգերորդ անգամ Տավուշի Բերդ քաղաքում անցկացվող Մեղրի ու հատապտուղների փառատոնը երեք օր շարունակ տոնական տրամադրություն է ապահովել քաղաքին: Օգոստոսի 20-ին Բերդի Սորանի այգում Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը վերոնշյալի գագաթնակետն է: Կիրակի` օգոստոսի 21-ին էլ տավուշցիներին մեկ ժամ շարունակ իրենց երգերով ջերմացրել են «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը` Արտեմ Խաչատուրի գլխավորությամբ:
Լրագրողների հետ զրույցում փառատոնի նախաձեռնող Տավուշի վերածնունդ հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանը նկատեց, որ այս տարվա միջոցառումների ամենամեծ բաղադրիչը մշակութային բովանդակության ամենաբարձր նշաձողն է: «Անընդհատ վտանգի ներքո ապրող մարդկանց առջև ծառացած մարտահրավերներն այլ կերպ չենք կարող հաղթահարել, եթե ոչ հոգևոր հաղթանակով: Մենք տարեց տարի ունենք զարգացում մեր պարի խմբերի, երգիչների մասնակցության առումով: Ես կարող եմ ասել, որ երեկ ու այսօր ծնվեցին նոր տաղանդներ: Շատ ենք խոսում, որ մարդկանց մեջ իշխում է ցածրաճաշակ երաժշտությունը, բայց արդյոք մենք նրանց հնարավորություն ենք տալիս բարձրակարգը լսելու»,-նշեց Չոբանյանը:
Նրա դիտարկմամբ` փառատոնը կայացել է ամուր համագործակցության շնորհիվ, կողմերը բավարարված են ու պատրաստ են հաջորդ տարիներին մեկ քայլ առաջ կատարել: Ինչ վերաբերում է փառատոնի մասնակիցներին, ապա Հայկ Չոբանյանը հայտնեց, որ այստեղ էին մարդիկ, ովքեր պետք է լինեին, ովքեր հնարավոր է նոր նախաձեռնությունների հեղինակներ դառնան: Հարցի պատասխանն, արդյո՞ք փառատոնը նպաստել է դեպի Բերդի տարածաշրջան զբոսաշրջության զարգացմանը, միանշանակ այո է:
«Սրանից հինգ տարի առաջ, երբ մենք սպասում էինք հյուրերի Բերդում, պետք է ամրագրեինք հյուրանոց, ռեստորոն ներ, որոնք գրեթե չկային: Իսկ այսօր մենք այդպիսի խնդիր չունենք, առկա է մրցակցություն նշյալ ծառայությունների ոլորտում: Առնվազն 3-4 հյուրանոցներ են ստեղծվել, տեղական խոհանոցով ռեստորաններ, սրճարաններ»,-ասաց Հայկ Չոբանյանը` հիշելով, որ հինգ տարի առաջ քաղաքի այդ հատվածը անմարդաբնակ վայրի էր վերածվել, իսկ այսօր այնտեղ խաղահրապարակ, սպորտային միջոցառումների վայր է դարձել:
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը բարձր է գնահատում փառատոնի գաղափարը` փորձել ինչ-որ կերպ աջակցել տարածաշրջանում մեղվաբուծությամբ զբաղվողներին ու ուշադրություն գրավել փաստի վրա, որ Տավուշը հայտնի է իր հատապտուղներով:
«Մեր մաղթանքն է, որ տնտեսական իմաստով էլ օգուտ լինի գյուղացիների համար: Փառատոնային չլինի և այսօրով վերջանա. եկանք մեկ մեղր գնեցինք, վերջացավ: Այլ փառատոնը պատճառ դառնա, որ ավելի ուշադրություն բևեռվի հատկապես Բերդի տարածաշրջանին, որը աշխարհագրորեն դժվար դիրքում է, ճանապարհի վրա չէ, երթևեկի ավելի մեծ ջանք է պահանջում: Մարդկանց ուշադրությունն առավել պետք է ուղղվի այդտեղի խնդիրներին»,-նշեց Բագրատ Սրբազանը:
Թեմի առաջնորդի խոսքով` Տավուշը հույսի աշխարհ է, այստեղից են կերտվել ռազմական, գիտական, մշակութային հաղթանակները: «Մեր հայրենիքի սահմանները լինելու պատիվն է տրված Տավուշին: Մենք, հույսի աշխարհ ասելով, միայն զգացական վերաբերմունքով չենք արտահայտվում: Դա իրականություն է, միջանցիկ ճանապարհներն են այստեղ, հայկական հոգևոր, մշակութային կյանքի իմաստով կարևոր վանական համալիրներն են այստեղ: Ժողովուրդն էլ պատրաստակամություն ունի, իր ներքին զգացումով, քաջությամբ, աշխատասիրութամբ Տավուշը դարձնել դրախտավայր»,-ավելացրեց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: