«Արի տուն» ծրագրով երևանաբնակ ընտանիքներում հյուրընկալվել է 162 երեխա
SocietyԵրևանի քաղաքապետարանը ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով մայրաքաղաք այցելած հայ երեխաներին հյուրընկալել է երևանաբնակ ընտանիքներում:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի 1-ին փուլից`հունիսի 13-ից մինչև 8-րդ փուլի ավարտը` օգոստոսի 27-ը, Երևանի վարչական շրջաններում բնակվող մեր համաքաղաքացիների 128 ընտանիքներում կհյուրընկալվի 162 երեխա: Ընդ որում, նախնական հայտում ավելի մեծ թվով ընտանիքներ էին ցանկություն հայտնել հյուրընկալել սփյուռքահայ հայրենակիցներին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ ծրագրի ամբողջ ընթացքում պատասխանատու ները պարբերաբար այցելել են ընտանիքներ, ծանոթացել երեխաների առօրյային:
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երեխաները նշել են, որ ջերմ ընդունելության շնորհիվ Երևանում իրենց զգում են ինչպես սեփական տանը: Արտերկրից ժամանած հայ երեխաների համար կազմակերպվել են նաև ճանաչողական էքսկուրսիաներ ՀՀ մարզերում և Երևանում:
Ավանդույթի համաձայն՝ «Արի տուն» ծրագրի ավարտին կորոշվեն «Լավագույն վարչական շրջան» և «Լավագույն ընտանիք» անվանակարգերի հաղթողները: