Հայ ընտանիքները շարունակում են ապրել Սիրիայի Հասիչե շրջանում. Այստեղ բախումների արդյունքում ծանր դրություն է
SocietyՍիրիայի Հասիչե շրջանում ապրող հայ ընտանիքները փորձում են մնալ ապահով վայրերում եւ հաղթահարել ռազմական բախումների հետեւանքով առաջացած դժվարությունները:
Այս մասին նշեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմի կ Պողիկյանը:
Նա տեղեկացրեց, որ քաղաքը կենցաղային ծանր պայմաններում է:
«Հատկապես գիշերային ժամերին բուռն բախումներ են տեղի ունենում սիրիական բանակի եւ Քրդական աշխատավորական կուսակցության զինվորականների միջեւ, սակայն ցերեկը համեմատաբար ավելի հանդարտ դրություն է տիրում: Բնակչությունը դիմագրավում է նաեւ այդ կենցաղային դժվարություններին: Ավելի քան 4 օր էլեկտրականությունը չէր միանում: Քաղաքի պետական փուռը փակ է, ինչի հետեւանքով հաց ձեռք բերելու խնդիր կա: Քաղաք հասնող սննդամթերքի քանակը քիչ է»,-հայտնեց Զարմիկ Պողիկյանը:
Նա նաեւ նշեց, որ ըստ շաբաթաթերթի աղբյուրի` Հասիչեում այժմ բնակվում է 64 հայ ընտանիք, որոնց մեծամասնությունը տարեց մարդիկ են, քանի որ երիտասարդության զգալի հատվածը լքել է քաղաքը այլ վայրում աշխատելու կամ ուսանելու համար:
«Հայերն առ այժմ նյութական կամ մարդկային կորուստներ չեն ունեցել: Հայ համայնքը փորձում է հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր կողմերի նկատմամբ եւ չներքաշվել հարցերի մեջ: Եկեղեցին փակ է: Գամիշլիի քահանան հատուկ առիթներով այցելում է Հասիչէ եւ եկեղեցական արարողություններ կատարում։ Հայ ընտանիքները դեռեւս քաղաքից հեռանալու մտադրություն չունեն: Նրանք փորձում են հաղթահարել դժվարությունները` հուսալով, որ քաղաքի վիճակը կբարելավվի: Նախատեսվում է նաեւ բացել շրջանի հայկական վարժարանը»,-ասաց շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:
Օգոստոսի 21-ին Սիրիայի Հասիչե շրջանում ռուսական կողմի միջնորդությամբ զինադադարի հաստատման համաձայնություն է ձեռք բերվել:Համաձայնությունը եղել է պետական պաշտոնական կողմերի եւ Քրդական աշխատավորական կուսակցության զինվորական թևի՝ «Ասայշ»-ի միջեւ: Ըստհամաձայնության՝ շրջանում զինադադար < i>կհաստատվի, իսկ վիրավորները կտեղափոխվեն Գամիշլիի հիվանդանոց: Հաղորդվում է, որհամաձայնությունը ներառում է նաեւ քաղաքի ապահով վիճակի բարելավում և բանակցությունների վերսկսում՝ կողմերի միջև հարցերի լուծման համար: