Նորածնի լացի հիմնական պատճառները
LifestyleԵրբեմն հնարավոր չէ հասկանալ նորածնի լացի պատճառը. երեխան կուշտ է, մայրը նրան գրկել, փայփայել է, փորձել հանգստացնելու բոլոր միջոցները, բայց ապարդյուն, երեխան մի պահ լռում է, ապա նորից լալիս: Նշանակում է պատճառն այլ տեղում է հարկավոր փնտրել:
Հիվանդություն: Լացի ամենահավանական պատճառը, մանավանդ երբ երեխան սովորականի պես չի լալիս, հիվանդությունն է: Անսովոր ինչ-որ բան նկատելուց հետո մայրը պետք է բժշկի դիմի. հնարավոր է` նրան անհանգստացնում է որևէ թեթև տկարություն: Մրսածությունը կամ քթի խցանումը զրկում են երեխային հարմարավետության զգացումից: Բժիշկը քթի կաթիլներ կնշանակի, և երեխայի լացը կդադարի:
Ցան և քոր շեքում /շքաբորբ/: Լացի նույնքան հավանական պատճառներից է: Եթե լացի պատճառը քորն է, պետք է երեխային հանել բարուրից, լողացնել և մերկ պառկեցնել փափուկ սրբիչի վրա:
Խիթեր /ծակծկոցներ/: Սովորաբար առաջանում են օրվա նույն ժամին, ավելի հաճախ` երեկոյան: Այդ ժամանակ երեխան բարձր ու անմխիթար լալիս է 2-3 ժամ շարունակ: Ճիշտ է, դրանք վտանգավոր չեն, բայց պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ, որ ծնողները խիթերը չշփոթեն ավելի լուրջ հիվանդության հետ:
Արտաքին գրգռիչ: Հնարավոր է երեխան մրսում է: Սենյակի ամենաբարենպաստ ջերմաստիճանը 18-21աստիճանն է: Պետք է խուսափել սենյակը չափից շատ տաքացնելուց: Եթե փոքրիկի մեջքը թաց է, ուրեմն շոգում է, հարկավոր է հագցնել ավելի թեթև հագուստ, փոխել ծածկոցը: Եթե երեխան քրտնում է, սավանի տակ պետք է սրբիչ փռել: Վառ լույսը նույնպես կարող է անհանգստացնել երեխային, հարկավոր է հետևել, որ լույսը կամ արևի շողերը երեխայի աչքերին չընկնեն:
Չսիրած զբաղմունք: Երեխային դուր չեն գալիս հագցնելը, հագուստը հանելը, լողացնելը, ականջները մաքրելը, եղունգները կտրելը, հարբուխ բուժելը, աչքի կաթիլների կաթեցնելը: Որքան էլ նրանք աղեկտուր լաց լինեն, հարկավոր է այդ ամենը արագ հանել, իսկ հետո գրկել, փայփայել, որպեսզի հանգստանա:
Մոր վատ տրամադրությունն ու խուճապը: Երեկոյան մայրը սովորաբար հոգնում է, երբեմն նաև զայրանում երեխայի հոգնեցնող արարքներից: Դա ուղղակիորեն անդրադառնում է փոքրիկի վրա, նա ավելի է գրգռվում մոր խուճապահար տրամադրությունից: Մինչ մայրը փոխում է տակաշորը, անվերջ փորձում է նրան կերակրել, անհանգիստ ու հուզված քննարկում է լացի պատճառները, երեխան ավելի ու ավելի բարձրաձայն է լաց լինում: Եթե լացի բացահայտ պատճառներ չկան, չի կարելի դրանք հորինել, հնարել: