Նկարիչ Պետո Պողոսյանը կմասնակցի «Ջրաներկի երիտասարդ վարպետների հրավերով» ցուցահանդեսին
Culture«Ջրաներկի երիտասարդ վարպետների հրավերով» միջազգային ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին Չինաստանում: Ցուցահանդեսին մասնակցելու է նաևգեղանկարիչ Պետո Պողոսյանը: «Նման ցուցադրություններում գնահատվում է նկարչի կատարած աշխատանքը: Նկարներն ընտրվում են միջազգային ճանաչում ունեցող մասնագետների կողմից: Ցուցահանդեսը գեղանկարչին հնարավորություն է տալիս ավելի ճանաչելի դառնալ հանրությանը: Նման ցուցահանդեսներից մեկի ժամանակ իմ նկարներց մեկը ձեռք բերեց Ցինդաո քաղաքի ազգային թանգարանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տաղանավոր նկարիչը:
Պետո Պողոսյանի ջրանկարներում հիմնականում պատկերված են Երևանի կենտրոնական և ծայրամասային փողոցները՝ միայն իրենց բնորոշ դեմքով և դիմագծով: Նկարիչն ընդգծում է, որ ներքին ինչ-որ զգացողություն է իրեն հուշում փողոցի տարբեր հատվածներ նկարել: «Թե՛ Գյումրիում, թե՛ Երևանում այս կամ այն փողոցը, անկյունը, քարը ինձ կոնկրետ պատմություն, մարդկանց, իրավիճակներ են հիշեցնում: Այդ պատմությունների հիման վրա էլ կառուցվում են նկարներս»,-ասաց երիտասարդ ստեղծագործողը:
Պետոն իր նկարներում բազմաթիվ քաղաքների գողտրիկ անկյուններ է պատկերել, սակայն շատ կցանկանար նկարել Սան Ֆրանցիսկոն, լինել ԱՄՆ-ում: Նկարիչը հիմնականում աշխատում է կիսատոներով: Նա կարծում է, որ մեր օրերում քաղաքին պակասում են մարդիկ, ովքեր հասկանում և զգում են «քաղաք» հասկացությունը:
Աշխարհը յուրահատուկ նրբերանգներով պատկերող արվեստագետն իր աշխատանքները պարբերաբար ներկայացնում է տարբեր միջազգային ցուցահանդեսներում: Հայրենիքում գրեթե ամեն տարի անհատական ցուցահանդես է ունենում: «Իմ նկարները գնահատողների շրջանակը մեծ է ու բազմազան՝ նկարչությանն առնչվող, նաև դրա հետ կապ չունեցող մարդիկ, այս բնագավառի մասնագետներ, տարբեր հավաքորդներ, պարզապես արվեստասերներ»,-նշում է գեղանկարիչը:
Չինաստանում անցկացվող միջոցառման նպատակն է մեկտեղել ջրաներկի «Արևելյան» և «Արևմտյան» ավանդույթները: Աշխարհի տարբեր երկրներից՝ Իսպանիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Մալայզիայից, Թայլանդից, Ռուսաստանից և այլն, ընտրվել են տասը, իսկ Չինաստանից՝ քսան նկարիչ: Ցուցադրությանը ներկայացվելու են նաև 19-20-րդ դարերի անգլիական ջրաներկ գլուխգործոցներ, չին դասական ակվարելիստների ստեղծագործություններ: Պետո Պողոսյանը ներկայացնելու է վերջին երկու տարում նկարած հինգ նկար, որոնք, նրա խոսքով, համապատասխան սոցիալական շեշտադրումներ ունեն:
Անժելա Համբարձումյան