ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Պանկաջ Սարանի հետ
EconomicsԵվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Պանկաջ Սարանի հետ:
Այս մասին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից: Կողմերը քննարկել են ԵԱՏՄ եւ Հնդկաստանի առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՀ-ն մեծ նշանակություն է տալիս Հնդկաստանի հետ երկխոսության հաստատմանը:
«2015 սեպտեմբերին համատեղ ստեղծված հետազոտական խումբը պետք է զեկույց ներկայացնի համագործակցության ուղղությունների վերաբերյալ, որոնք շահավետ կլինեն բոլոր մասնակիցների համար»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին Պանկաջ Սարանն ընդգծել է, որ Հնդկաստանը ուշադրությամբ հետեւում է եվրասիական գոտում զարգացող գործընթացներին, որի մի մաս է ցանկանում դառնալ:
«Հնդկաստանը պատրաստ է աշխատել ԵԱՏՄ-ի հետ տարբեր ձեւաչափերում: Իմ կարծիքով` մենք պետք է ավելի լայնորեն դիտարկենք համագործակցության հնարավորությունները. այդ դեպքում ավելի հեշտ կլինի գտնել ընդհանուր հետաքրքրություններ»,- նշել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանը: