Դասական երաժշտության եզակի համերգով Գյումրիում ելույթ կունենա «ԴԵԼԼԱԼՅԱՆ ՏՐԻՈ»-ն
CultureԴասական երաժշտության եզակի համերգով օգոստոսի 30-ին Գյումրիում ելույթ կունենա «ԴԵԼԼԱԼՅԱՆ ՏՐԻՈ»-ն (Լիսաբոն):
Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի, Վաչե Շարաֆյանի, Մարիո Լաժինյաի և Ալֆրեդ Շնիտկեի ստեղծագործությունները:
Հայաստանում համերգներով հանդես գալը տրիոյի և «Արտ ՓիԱր» ընկերության նախաձեռնությունն է, իսկ աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը: 1995 թվականին Լիսաբոնում ստեղծված Տրիոն կրում է երաժիշտներից երկուսի ՝ Մարինա և Նարինե քույրերի հոր՝ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի անունը. Մարինան դաշնակահարուհին է, իսկ Նարինեն՝ ջութակահար: Տրիոյի թավջութակահարը Նարինեի ամուսինն է՝ Լևոն Մուրադյանը (Հայրիկ Մուրադյանի որդին):
«Արմենպրես»-ի հետ զրույցում Նարինեն անկեղծանում է:
«Կապ չունի, որ Լևոնն իմ ամուսինն է, ես ինձ երջանիկ եմ համարում, որ նվագում ենք միասին՝ պրոպագանդելով դասական արվեստը: Լևոնը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է և մեր համար պատիվ է աշխատել Լևոնի հետ, Լևոնի կողքին»,-նշեց Նարինե Դելլալյանը՝ փաստելով, որ լինելով նախ հայտնի արվեստագետների երեխաներ, ապա նաև երաժիշտներ, ծառայում են մեկ նպատակի:
Երբեմն տրիոն «դառնում» է նաև քառյակ, երբ որդիներն են միանում գործին: Տրիոն իր համերգային ծրագրում ընդգրկում է հայ կոմպոզիտորների տարբեր ստեղծագործություններ՝ հաճախ լինելով Պորտուգալիայում՝ նպատակ ունենալով տարբեր ազգություններ ունեցող հասարակությանը, հնարավորություն տալ ճանաչել և գնահատել հայ դասական ժամանակակից ստեղծագործությունները:
«Մեզ համար կարևոր են այս համերգները, կարող ենք տարբեր տեղեր ելույթ ունենալ, տարբեր բեմերում, բայց զգացողությունը միշտ տարբեր է լինում, երբ գալիս ենք մեր ժողովրդի ու ազգի առջև ենք ելույթ ունենում. ավելի հուզական է: Մեր ցանկությունն էր ելույթ ունենալ հատկապես Գյումրիում՝ իր մշակութային առաջինը լինելու իմաստով և այստեղ ապրող մարդկանց արժեքով: Լավ է, որ այս մեր մտադրությունը ի կատար է ածվում ՀՀ մշակույթի նախարարության և «Արտ ՓիԱր» ընկերության կազմակերպչական աշխատանքների շնորհիվ: Այսօրվան շատ ենք սպասել»,- հավելեց Նարինե Դելլալյանը:
«ԴԵԼԼԱԼՅԱՆ ՏՐԻՈ»-ի անդամներն իրենց երաժշտական կրթությունը ստացել են Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում և հետագայում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Թավջութակահար Լևոն Մուրադյանը շարունակել է իր ուսումնառությունը նաև Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում:Տրիոն պարբերաբար ելույթներ է ունեցել Պորտուգալիայի լավագույն համերգային դահլիճներում՝ Գյուլբեկյան հիմնադրամի, Սան-Կառլոս օպերային թատրոնի, Բելենի մշակութային կենտրոնի, Կելուժի, Ֆոժ թագավորական պալատների, շատ համերգասրա հներում, թանգարաններում ու մշակութային կենտրոններում: Տրիոն համերգային ծրագրով հանդես է գալու նաև Երևանում՝ սեպտեմբերի 3-ին: