Թեքահարթակների շուրջ աղմուկը՝ հին օրերի երգ
AnalysisԻրականում մեր երկրում` մայրաքաղաքում, երկրի մեծ ու փոքր քաղաքներում ու գյուղերում ամեն ինչ չէ, որ իդեալական է: Ավելին, կան շատ հարցեր, որ նույնիսկ շատ հեռու են իդեալականին գոնե մասամբ մոտ լինելուց, սակայն մեկ բան է, երբ քննադատում ես իշխանություններին` տվյալ բացի մասին ահազանգելու նպատակով, մեկ այլ բան, երբ գրանտով ես սկսում ձվի մեջ մազ ման գալ ու դրա շուրջ աղմուկ-աղաղակ բարձրացնել:
Վերջին շրջանում կրկին սկսվել են խոսակցություններ շրջանառվել, թե մայրաքաղաքի անցումների հարակից մայթերին կառուցված թեքահարթակները լավը չեն, չեն ծառայում իրենց բուն նպատակին և այլն: Բայց, անկեղծ լինելու համար պետք է խոստովանել, որ վերջին տարիներին այս հարցով բավականին հանգամանալից ու հետևողական պայքար է սկսվել, որը դեռևս չի ավարտվել, իսկ նոր կառուցվող թեքահարթակները դարձել են ավելի հարմարավետ օգտագործման համար: Ասել է, թե նախկինի «պտիչկա» դնելու համար կառուցված ու անհարմար թեքահարթակներին եկել են փոխարինելու նորմալ և կիրառելի թեքություն ունեցողները:
Եվ դա չնկատել ու շարունակել հին երգերի բառերով նոր մեղեդիներ մոգոնել ու հարայ-հրոց բարձրացնել, թե մայրաքաղաքի թեքահարթակները լավը չեն, արդար չէ, առավել ևս, երբ այսօր արդեն նորակառույց բազմաբնակարան շենքերի նախագծերն անգամ կառուցապատման թույլտվություն չեն ստանում, եթե շինության նախագծում նախատեսված չեն պատշաճ և կիրառելի թեքահարթակներ:
Ինչ վերաբերում է թերություններ ունեցող թեքահարթակներին, ապա նշենք, որ դրանք նախկին տարիներից մնացած ժառանգություն է, երբ նախկին քաղաքային իշխանությունները հարցին մոտենում էին ոչ թե հարցին հիմնովին լուծում տալու, այլ մարդկանց աչքերին թոզ փչելու տեսանկյունից ու կառուցված թեքահարթակներն այնքան անհարմար էին, որ ոչ միայն հարց չէին լուծում, այլև ավելի վտանգավոր էին դարձնում սայլակով տեղաշարժվող մարդկանց կյանքը:
Եկեք քննադատենք ի շահ և ոչ թե ի վնաս, փորձենք ոչ թե միայն վատը տեսնել, այլ լավին էլ լավ ասել: Չէ՞ որ Երևանը բոլորիս մայրաքաղաքն է ու ամեն մի ձեռքբերում բոլորիս հաղթանակի արդյունքն է: Ինչ վերաբերում է թեքահարթակների պատմությանը, ապա ընդգծենք, որ միայն օգոստոսին կառուցվել է 174 թեքահարթակ, իսկ կույրերի տեղաշարժը դյուրին դարձնելու համար տեղադրվել է 43 նախազգուշացնող սալիկ:
Շատ է դա, թե քիչ, շատ դժվար է ասել, բայց այն, որ ամռան այս շոգ ամսին, երբ շատերը հանգստանում են, կառուցապատողներն ամեն ինչ անում են, որ ավելի բարեկարգ դարձնեն մայրաքաղաքի թեքահարթակները: Դրա համար պետք է միայն ու միայն շնորհակալ լինել ու ոչ թե «Խաթաբալա»-ի փողով լացողների նման աղմուկ բարձրացնել:
Արմինե Գրիգորյան