Ո՞ւմ անձամբ կշնորհավորեն ՀՀ նախագահը, վարչապետը և ԿԳ նախարարը
InterviewՎաղը՝ սեպտեմբերի 1-ին, ողջ հանրապետության դպրոցներում կրկին կհնչի ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող դպրոցի զանգը: Ոմանց համար այն կլինի առաջին, իսկ ոմանց համար` վերջին ուսումնական տարին, բայց մեկ բան հաստատ է, որ այս օրը բոլորիս համար եղել և մնում է ոչ միայն հարազատ օր, այլև նոր սկզբի խորհուրդն իր մեջ ամփոփող ուրախ ու տոնական օր:
Ամեն ուսումնական տարվա մեկնարկին հանրապետության իշխանավորներն ավանդույթի ուժով այցելում են այս կամ այն ուսումնական հաստատություն և իրենց այցով պատվում թե´ ուսուցիչներին ու աշակերտներին, թե՛ նրանց հարազատներին:
ՀՀ վարչապետի մամլո Խոսնակ Գոհար Պողոսյանը ORER.am-ին փոխանցեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 1-ին այցելելու է «Անանիա Շիրակացի» կրթահամալիր, իսկ ԿԳ նախարարի մամլո խոսնակի փոխացմամբ` Լևոն Մկրտչյանը վաղը ուղեկցելու է ՀՀ նախագահին:
Ըստ նախնական տեղեկությունների` Ս.Սարգսյանը վաղն այցելելու է Ռազմական ակադեմիա, իսկ թե դրանից առաջ և հետո այլ կրթական հաստատություններ կայցելի՞, թե՞ ոչ, դեռ պարզ չէ: Հետևաբար, պարզ չէ նաև, թե ԿԳ նախարարը նախագահին ուղեկցելու ընթացքում այլ կրթական հաստատություններ կայցելի՞, թե՞ ոչ:
Ցավոք, հնարավոր չեղավ նաև պարզել, թե սեպտեմբերի 1-ին ո՞ր դպրոց կայցելի նախկին ուսուցիչ, ներկայիս ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Մեր հարցի ի պատասխան ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության ղեկավար Արսեն Բաբայանը պատասխանեց, որ. «Անհրաժեշտության դեպքում կտարածենք հաղորդագրություն»:
Ա.Գրիգորյան