Փայտարվեստի թանգարանում բացվել է Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը
CultureՓայտարվեստի թանգարանում օգոստոսի 31-ին բացվել է ժողովրդական արվեստի ականավոր գործիչ, գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, ցուցահադրությունը կրում է «Ակունքը չի սխալվում» խորագիրը և կգործի մինչև սեպտեմբերի 9-ը:
Ներկայացված են 18-19-րդ դարերում հայկական կենցաղում կիրառված շուրջ 40 փայտե առարկաներ, այդ թվում՝ նռան պատկերով բացառիկ գդալնոց, խաչի պատկերով, երկկողմանի փորագրությամբ գաթանախշիչ, տարբեր չափերի հմայիլներ (դաղդղան), գդալներ, շերեփներ, որոնք Հովհաննես Շարամբեյանը ժամանակին տրամադրել է փայտարվեստի թանգարանին: Նշված հավաքածուի հիման վրա էլ հետագայում ձևավորվել է թանգարանի հնագույն մշակույթի բաժինը:
Փայտարվեստը հայ ավանդական մշակույթի առանձնահատուկ դրսևորումներից և հոգևոր-բարոյական արժեքների պահպանման հնագույն ձևերից մեկն է: Իսկ փայտյա առարկաները մշտապես եղել են ազգային գեղարվեստական մտածելակերպի պլաստիկ արտահայտչամիջոցներ, որոնք բոլոր ժամանակներում մոտ ու հարազատ են հայ մարդուն: