Ագրարային համալսարանը 936 ուսանող ունի
SocietyՍեպտեմբերի 1-ին համալսարան ընդունված առաջին կուրսեցիների առջև 86-րդ անգամ իր հյուրընկալ դռներն է բացել Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ հանրապետության ագրարային ոլորտի համար կադրեր պատրաստող միակ բուհը: 31 մասնագիտությունների գծով 936 ուսանող. ահա այսպիսին է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի այս՝ 2016-2017 ուստարվա առկա ուսուցման ընդունելո ւթյան արդյունքը:
Առաջին կուրսեցիներին իր ուղերձը հղեց համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը: Նա հանգամանորեն խոսեց բուհի անցած ուղու, ձեռքբերումների, բուհում ձևավորված ավանդույթների մասին: Անդրադարձավ նաև համալսարանի՝ տեխնիկական հագեցվածության լուրջ մակարդակին, ինչն այսօր խիստ կարևոր է շուկայում մրցունակ կադրեր պատրաստելու առումով:
«Դուք կատարել եք ճիշտ ընտրություն: Համալսարանում այսօր առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ պահանջված չափանիշներին համապատասխան լսարաններ ու լաբորատորիաներ, հարուստ գրադարան, նաև ամենակարևորը՝ բարձրորակ մասնագետներ: Ձեզ մնում է միայն սովորել, կուտակել գիտելիքների հարուստ պաշար, որպեսզի կարողանաք օգտվել Ձեր առջև բացվող լայն հնարավորություններից: Խոսքս ուսումը Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում շարունակելու մասին է: Այս ուսումնական տարվա շեմին անչափ ուրախալի լուր ստացանք Գերմանիայի Դաշնությունից. համալսարանի «Ագրարմենեջմենթ&raq uo; մասնագիտությունը ստացավ միջազգային հավատարմագրում: Երկու տարի տևած գործընթացը համալսարանը փայլուն եզրափակեց, և շուտով հավատարմագրման հավաստագիրը բուհին կշնորհվի հանդիսավոր պայմաններում: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ դուք, այսօր արդեն դառնալով ուսանող, ունեք ապահովագրված աշխատատեղ, քանի որ ագրարային ոլորտը հանրապետության տնտեսության այն բնագավառն է, որը բանիմաց մասնագետների կարիք ունի: Համալսարանի ռեկտորատի, կոլեկտիվի և ուսանողների անունից շնորհավորում եմ Ձեզ՝ այս պայծառ օրվա կապակցությամբ և մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ»,- իր ելույթն ավարտեց պարոն Թարվերդյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նորընծա ուսանողներին շնորհավորեցին և բարեմաղթանքներ հղեցին համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը, հանրապետության Քաղծառայության խորհրդի նախագահ, ՀԱԱՀ շրջանավարտների միության նախագահ Մանվել Բադալյանը, Ընդհանուր երկրագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուզաննա Մանուկյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Գևորգյանը:
Իսկ առաջին կուրսեցիների անունից երախտագիտության խոսք ասաց Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ բարձր միավորներով ընդունված Քրիստինե Ալոյանը, ում համալսարանի ավարտական կուրսի ուսանողները հանձնեցին ուսանողական տոմս ու ստուգման գրքույկ՝ խորհրդանշելով նոր հերթափոխի մեկնարկը: