Աստղաձորի միջնակարգ դպրոցում ավելացել է աշակերտների թիվը
SocietyԳեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում այս ուսումնական տարում ավելացել է առաջին դասարանցիների թիվը, ինչի արդյունքում բացվել է նոր առաջին դասարան:
Ինչպես տեղեկացրեց Աստղաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Ջիվան Սիրականյանը, այս ուսումնական տարում Աստղաձորի միջնակարգ դպրոց են հաճախում 642 աշակերտ, որոնցից 70-ը՝ նախակրթարանի սաներ են:
«Նախորդ ուսումնական տարում ունեցել ենք 635 աշակերտ, որոնցից 69-ը սովորել են նախակրթարանում: Այս տարի մեր դպրոցը տվել է 56 շրջանավարտ, որոնցից 14-ն ընդունվել են բուհեր, մի քանիսն էլ նախապատրաստվում են բուհական հեռակա ընդունելությանը: Փոխարենն առաջին դասարան են ընդունվել 84 աշակերտ, ինչի շնորհիվ դպրոցում բացվել է նոր դասարան, արդեն հայտարարել ենք դասվարի մրցույթ: Հուսով ենք, որ առաջիկա տարիներին եւս կավելանա աշակերտների թիվը, որն ավելի հույս ու եռանդ կտա մեզ եւ հնարավորություն, որպեսզի մանկավարժների կրճատում տեղի չունենա, իսկ դպրոցի արդիականացման խնդիրը հրատապ ու լիարժեք լուծում ստանա»,- ներկայացրեց դպրոցի տնօրենը: