Սահմանամերձ Վահանում լուսավորվել են նաեւ երկրորդական կարգի փողոցները
SocietyԳեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության ֆինանսական միջոցներով եւ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» աջակցությամբ երկրորդական նշանակության փողոցներում կառուցվել է գիշերային լուսավորվածության ցանց, մշակույթի տան բակում տեղադրվել մանկական խաղահրապարակի համա ր անհրաժեշտ միջոցներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, գիշերային լուսավորվածության ցանցի կառուցման աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսին եւ ավարտվել սեպտեմբերի 6-ին:
Կառուցվել է 3 կիլոմետր երկարությամբ լուսավորվածության ցանց, ինչի արդյունքում արդեն գիշերային ժամերին լուսավորվում են գյուղի բոլոր թաղամասերը: «Վահանի կենտրոնական փողոցն ամբողջությամբ լուսավորվել է վերջին տարիների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ ու միջոցներով, իսկ ահա «ՎիվաՍել ՄՏՍ» միջոցներով կարողացանք ունենալ գիշերային լուսավորվածության ամբողջական ցանց: Շատ կարեւոր էր նաեւ մանկական խաղահրապարակի ստեղծումը, ինչն անգնահատելի նվեր կարելի էր համարել մեր երեխաների հետաքրքիր ժամանցի կազմակերպմա ն համար: Բացի այդ, «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության տնօրինությունը նախատեսում է Վահանում իրականացնել նոր բարեգործական ձեռնարկներ»,-ասաց համայնքի ղեկավարը: Ըստ գյուղապետի՝ «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենը խոստացել է Վահան գյուղին հատկացնել 1 էքսկավատոր, խմելու ջրատարի հիմնանորոգման համար 2 կիլոմետր երկարության պոլիէթիլենային խողովակներ եւ իրենց միջոցներով կենտրոնական փողոցում կառուցել 1 ավտոկանգառ: «Բարեգործական նշված ծրագրերը կիրականացվեն այս աշնան ընթացքում»-հավաստեց Գուրգեն Բալյանը:
Խոսրով Խլղաթյան