Իրանի դեսպանությունը բարձր է գնահատում իրանցիներին ՀՀ ոստիկանության աջակցությունը Նովրուզ Բայրամին
SocietyՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը՝ հավելելով. «Ողջունելով հյուրերին՝ Արամ Զաքարյանը կարևորեց ինչպես երկու երկրների երկարամյա բարեկամական հարաբերությունները, այնպես էլ իրավապահ ոլորտում համագործակցության բարձր մակարդակը, որն իր փաստաթղթային ամրագրումը ստացել է դեռևս 2012 թ. հուլիսի 10-ին` ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարի միջև ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխ ըմբռնման հուշագրով:
Մոխթար Շահ Հոսեյնին նախ շնորհակալություն հայտնեց մարտ ամսին Նովրուզ Բայրամի կապակցությամբ Հայաստան ժամանած հազարավոր իրանցիներին ցուցաբերած աջակցության համար, հատկապես բարձր գնահատելով անձնագրային, ճանապարհային ոստիկանության և արտաքին ծառայությունների աշխատանքը, և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները ոստիկանության և դեսպանության հետ էլ ավելի կամրապնդվեն և կզարգանան:
Բարեկամական ու կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս» :