Երեւանում սեպտեմբերի 2-ին 29-ամյա տղամարդ է սպանվել
SocietyԵրեւանում սեպտեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել:
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
«Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ վիրավոր տղամարդ է տեղափոխվել իրենց մոտ, որը, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունը պարզել է, որ Արագածոտնի մարզում հաշվառված 29-ամյա տղամարդը հրազենային վնասվածք էր ստացել Անդրանիկի փողոցում գտնվող շինության տարածքում:
Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ամիսներ առաջ Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի պատճառով: Վթարի համար մեղավոր կողմը տուժողին խոստացել է անկախ ԱՊՊԱ հատուցումից տալ եւս մի քանի հարյուր դոլար, գումարը փոխանցել է ընդհանուր ծանոթի միջոցով, որը, սակայն, խաբել է եւ գումարը չի փոխանցել: Վիճաբանությունը, որն ավարտվել է կրակոցներով, տեղի է ունեցել գումարը տվողի եւ այն փոխանցողի միջեւ:
Սպանությունը տեղի էր ունեցել ամերիկյան արտադրության ատրճանակով, որն առգրավված է:
Մեղադրյալ, Երեւանի բնակիչ Արտակ Հայրապետյանը կալանավորված է: