«Իսլամական պետության» դեմ պատերազմը կարող է տևել 30 տարի». Պանետա
International news
Պենտագոնի նախկին ղեկավար Լեոն Պանետան այն կարծիքին է, որ «Իսլամական պետության» դեմ պատերազմը, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի սխալների պատճառով, կարող է տևել 30 տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամերիկացի քաղաքական գործիչը հայտնել է USA Today թերթին տված հարցազրույցում:
Պանետան քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի որոշումները, որոնք նա ընդունել է վերջին երեք տարում: Նրա կարծիքով՝ 2011 թվականին Իրաքից զորքերի դուրսբերումը «վակուում» ստեղծեց անվտանգության առումով, իսկ երկրում զինյալների թիվը զգալիորեն ավելացավ:
Բացի այդ, Պանետան կշտամբել է Օբամային այն բանի համար, որ նա չանսաց 2012 թվականին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդներին զինելու Հիլարի Քլինթոնի և ԿՀՎ-ի ղեկավարի կոչերին: Պանետայի կարծիքով՝ սիրիական հակամարտությանն ԱՄՆ-ի նման մասնակցությունը կարող է կանխել «Իսլամական պետության» զինյալների ուժեղացումը:
Պենտագոնի նախկին ղեկավարը հույս է հայտնել, որ «Օբաման կփոխի քաղաքականությունը զինյալների դեմ պայքարի նկատմամբ և դասեր կքաղի իր սխալներից», թեև նշել է, որ ԱՄՆ-ի նախագահը «չափազանց հաճախ է խուսափում ռազմական գործողություններից և բաց է թողնում հնարավորությունները», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: