Նոր կառավարության դարակազմիկ ծրագրերը` ժամանակ շահելու հնարք
AnalysisԹե երկրի կառավարման համակարգում խոշորածավալ փոփոխությունների ինչ դարակազմիկ մինիմալ և մաքսիմալ ծրագրեր կներկայացնի նորանշանակ վարչապետը, պարզ չէ, բայց մեծ է հավանականությունը, որ այն, ինչպես նախորդ տարիներին, հիմա էլ կրկին մնա թղթի վրա: Այն, որ Կարեն Կարապետյանը մեծ հարգանք է վայելում Ռուսաստանում, մեծ կապեր ունի և այլն, դեռ չի նշանակում, որ ի վիճակի է երկրի ներսում կտրուկ փոփոխություններ իրականացնել և իրականում մթնոլորտ փոխել: Դրանք ամենայն հավանականությամբ կրկին իմիտացիոն բնույթ կունենան, քանի որ մի կողմից` ժամանակ չի լինի, մյուս կողմից` վատամարդ դառնալու ցանկություն:
Եթե նա նշանակվել է դրսից նոր փողեր բերելու և ոչ թե երկրում հավաքված տիղմը մաքրելու համար, ուրեմն հասարակությունը կշարունակի դատարկ տաշտակի մոտ նստած սպասել ու հաշվել, թե հերթական հատկացումներն ինչպես են փոշիանում կամ չգիտես ինչու և ինչպես է պատահում, որ կառավարությունը այս կամ գործարարի վնասները հանկարծ որոշում է իր վրա վերցնել և բյուջեի «պահուստային ֆոնդից» ֆինանսավորել:
Մի փոքր եթե հետ գնանք, ապա դժվար չի լինի հիշելը, թե 2001-2010թթ. նորանշանակ վարչապետի կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ղեկավարման տարիներին ինչ սկզբունքով սկսվեց ու ավարտվեց բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման գործընթացը, երբ 500 դրամ արժեք ունեցող 1 գծամետր խողովակը բնակիչների վրա 5000 դրամով էր «վաճառվում»:
Իհարկե, մարդիկ տարիներ շարունակ կապույտ վառելիքի բացակայությունից այնքան էին հոգնել, որ ուրախությունից աջ ու ձախ պարտք անելով ու շատ հարցերի վրա աչք փակելով համաձայնում էին սեփական բնակարանը գազաֆիկացնելու համար իրենց ընտանեկան բյուջեից մի քանի անգամ ավել գումար վճարել:
Հիմա ինչո՞ւ պետք է փոխվեն նույն ղեկավարի մոտեցումները: Որովհետև երկի՞րն է կործանվում, բայց այն ժամանակ էլ մարդիկ մի լավ օրի չէին, այնպես չէ, որ հիացած էին նրա ղեկավարած կառույցի աշխատանքով, էլ չենք ասում քաղաքապետ աշխատած ժամանակահատվածի մասին, երբ նրա ուժը հազիվ միայն փոքր կրպակատերերի վրա պատեց, իսկ մեծ շնաձկները կրկին մնացին անձեռնմխելի: Հիմա ո՞վ կարող է պատկերացնել, որ նորընտիր վարչապետն իսկապես կկարողանա պայքարել կոռուպցիայի դեմ:
Պարզ է, չէ՞, որ այս հարցը կրկին կմնա վերջում, հետո դրանով զբաղվելու ժամանակ այդպես էլ չի լինի ու էլի չի լուծվի: Իսկ քանի դեռ դրա դեմ պայքարի հստակ քայլեր չկան, հավատացած եղեք, մնացածը սոսկ դհոլից եկող ձայներ են ու ինչքան այն մեծ լինի, այնքան ձայնը հեռվից կլսվի, իսկ արդյունքում ոչինչ էլ չի փոխվի՝ ծափ տվողները կշարունակեն ծափ տալ, ուտողները` ուտել և երկիրը մի կերպ յոլա տանելով ձեռքից ձեռք փոխանցել ու ժամանակ շահել:
Արմինե Գիրգորյան