Շարմազանովը հուսով է, որ Հայաստանի տնտեսության համար լավ ժամանակներն առջևում են
EconomicsՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույս ունի, որ մեր երկրի տնտեսության համար լավ ժամանակները դեռ առջևում են: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ԱԺ փոխնախագահն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է, նկատեց, որ երկրի տնտե սությունն ավելի ծանր վիճակում է եղել 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին:
«Այն ժամանակ Հանրապետական կուսակցության և մեր կոալիցիոն գործընկերների ջանքերով տնտեսությունը վերականգնվել է, և մենք ապահովել ենք երկնիշ տնտեսական աճ: Եվ ես հույս ունեմ, որ մեր երկրի տնտեսության համար, ժողովրդի տեսլականների համար լավ ժամանակներն առջևում են»,- նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ հարկավոր է մտածել, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել առաջ գնալու համար: «Շատ նորմալ է, որ վարչապետը ռեալ գնահատականներ է հնչեցնում, որ կա խնդիր և դա պետք է լուծել: Խնդիրը կա, այն պետք է լուծվի, իսկ ինչպես է լուծվելու, կլինի կառավարության ծրագիրը, կիմանաք»,- ասաց նա: