Արտակարգ դեպք Էջմիածնում. քաղաքապետի թեկնածուն ու նախկին քաղաքապետի եղբորորդին հիվանդանոցում են
SocietyNews.am-ը գրում է.
Էջմիածնում քաղաքապետի ընտրություններին ընդառաջ իրավիճակը կտրուկ սրվել է:NEWS.am-ի տեղեկություններով, նախօրեին կրակոցներ են հնչել քաղաքում:
Ըստ Էջմիածնում տարածված տեղեկությունների՝ ժամը 23:00-ի սահմաններում Երեւան- Էջմիածին ավտոճանապարհին կրակել են Երեւանից վերադարձող Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի (ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է) մեքենայի ուղղությամբ: Մեքենայի մեջ եղել է Կարեն Գրիգորյանը եղբոր հետ: Տեղեկություններ կան, որ կրակողները եղել են քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին:
Ավելի ուշ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ տուժել են Թումանյանն ու Աբգարյանը: Նրանք այժմ հիվանդանոցում են:
Կարեն Գրիգորյանի գրասենյակից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքով այժմ իրավապահներն են զբաղվում եւ պետք է հետեւել նախաքննության ընթացքին:
Հրաչիկ Աբգարյանն էլ մեզ հետ զրույցում հերքեց, որ իր եղբորորդին եւ քաղաքապետի մյուս թեկնածու Արթուր Թումանյանը կրակել են գեներալ Մանվել Գրիգորյանի որդու մեքենայի ուղղությամբ:
«Աբգարյանին ու Թումանյանին ծեծել են, նրանք այժմ հիվանդանոցում են»,- ասաց Հրաչիկ Աբգարյանը՝ նշելով, որ այժմ Էջմիածնում լարվածությունը շարունակվում է, ոստիկանությունն էլ գիշերվանից հսկողություն է իրականացնում:
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություն: