Հայաստանը ՉԺՀ-ում կունենա առևտրական կցորդ
EconomicsՀայաստանի կառավարությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կստեղծի ՀՀ առևտրական կցորդի հաստիք:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրված է կառավարության սեպտեմբերի 22-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման` կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով: Կցորդի տեղակայումն ապահովվելու է ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում:
«ՀՀ Նախագահի 2015 թվականի մարտի 24-28-ը ՉԺՀ կատարած պետական այցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընդլայնել և ամրապնդել հայ-չինական փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը և բարենպաստ պայմաններ ստեղծել ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի ներմուծման համար։ Այս համատեքստում ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել ՀՀ տնտեսական շահերն առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին առնչվող բոլոր ոլորտներում, կդյուրացնի հայկական և չինական տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը և կօժանդակի միմյանց միջև կապերի ստեղծմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Ակնկալվում է, որ առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը հնարավորություն կտա նաև առավել օպերատիվ տեղեկատվություն ստանալ Չինաստանի տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ այդպիսի տեղեկություններ հաղորդել Չինաստանի շահագրգիռ մարմիններին: