Ուկրաինայի ԱԳ նախարարը չի մասնակցի ԱՊՀ-ի իր պաշտոնակիցների նիստին
International newsՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը ներկա չի լինի ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որը հոկտեմբերի 9-ին տեղի կունենա Մինսկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բելառուսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Միրոնչիկը:
«Բելառուսում Ուկրաինայի դեսպանությունը նոտայով մեզ պաշտոնապես ծանուցել Է այն մասին, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը չի մասնակցելու նիստին»,-ասել է Միրոնչիկը:
Նա ճշտել Է, որ միջոցառմանը Ուկրաինան կներկայացնի Բելառուսում հանրապետության դեսպան Միխայիլ Եժելը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարները Մինսկում կհամաձայնեցնեն հումանիտար համագործակցության փաստաթղթերը, ինչպես նաեւ կքննարկեն 2015-2019 թվականներին անօրինական միգրացիային հակազդելու ուղղությամբ փոխգործակցության ծրագրի նախագիծը, տեղեկացնում Է «Արմենպրես»:
ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը ներառում Է 13 հարց:
«Խորհրդի նիստում կհամաձայնեցվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են հումանիտար ոլորտում համագործակցության զարգացմանը», -ասված Է ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի՝ նիստի նախօրյակին արված մեկնաբանության մեջ:
Նաեւ նշվում Է, որ նախարարները կքննարկեն 2015-2019 թվականներին անօրինական միգրացիային հակազդելու գործում ԱՊՀ-ի երկրների համագործակցության ծրագրի եւ մարդավաճառությանը հակազդելու հարցում համագործակցության հայեցակարգի նախագծերը: Օրակարգում Է նաեւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի տոնակատարության նախապատրաստումը:
«2015 թվականին Հաղթանակի հոբելյանին նախապատրաստվելու համատեքստում նախարարները կքննարկեն 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ Համագործակցության ժողովուրդներին եւ համաշխարհային հասարակայնությանը ԱՊՀ-ի մասնակից պետությունների ղեկավարների ուղերձի նախագիծը»,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում: