Անդալուզյան դերբիում հաղթեց «Սևիլիա»-ն
SportԻսպանիայի առաջնության 5-րդ տուրում կայացավ 2 հանդիպում: «Արմենպրես»-ը հայտնում է, որ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում` անդալուզյան դերբիում, «Սևիլիա»-ն մրցեց «Բետիս»-ի հետ:
Մրցավեճն անցավ անչափ լարված պայքարում: Թիմերը խաղի ընթացքում ստացան 9 դեղին քարտ: «Սևիլիա»-ի ֆուտբոլիստներն ավելի վստահ էին գործում հարձակման գծում և կարողացան ի վերջո հասնել ցանկալի արդյունքի: 51-րդ րոպեին «Սևիլիա»-ն ստացավ տուգանային հարվածի իրավունք. գնդակին մոտեցավ Սամիր Նասրին և առաջին իսկ պաշտոնական խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Իսկ հաղթական գնդակը իր անվան դիմաց գրանցեց Գաբրիել Մերկադոն: «Սևիլիա»-ն այս հաղթանակից հետո վաստակեց 11 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը, 1 միավորով զիջե լով Մադրիդի «Ռեալ»-ին, որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Օրվա մյուս խաղում «Մալագա»-ն սեփական դաշտում հանդիպեց «Էյբար»-ի հետ: Հյուրերը 42-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Նանոն: «Մալագա»-ն արագորեն պատասխանեց «Էյբար»-ին և կարողացավ 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը ու հաղթանակ տանել կարևոր խաղում: Գոլերի հեղինակ դարձան` Սանդրո Ռամիրեսը և Յուսեֆ Էն Նեսուրին:
5-րդ տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան այսօր: