Գեղարքունիքի մարզում ընթանում են Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումներ
CultureՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում մեկնարկեց խոնարհումի եւ ծաղկեդրման արարողությամբ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցները եւ դ պրոցականները, Արցախյան ազատամարտի վետերանները եւ բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ եւ ծաղկեպսակ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների հուշարձանին: Ապա քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ զինվորական քայլերթ, որին հաջորդեց քաղաքի դպրոցների ներկայացուցիչների հանդիսավոր մուտքը դեպի քաղաքի հրապարակ:Դպրոցականները երգով ու պարով դիմավորեցին պետական այրերին եւ հյուրերին: Անկախության տոնի առթիվ Գավառի կենտրոնական հրապարակում առանձին տաղավարներով Գավառի կրթական եւ մշակութային հաստատությունների սաները ցուցադրեցին իրենց ստեղծագործական աշխատանքները, որոնք հիմնականում նվիրված էին Հայաստանի Անկախության տարիների ձեռքբերումներին:Գավառի մարզադպրոցի սաները եւ պատանի երկրապահները հանդես եկան ցուցադրական ելույթներով: Քաղաքի նախադպրոցական եւ մշակութային հիմնարկների սաների եւ անհատ կատարողների ուժերով տրվեց տոնական համերգ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ նրան ուղեկցող պաշտոնական անձինք շրջեցին տաղավարներով, զրուցեցին շնորհալի երեխաների հետ՝ շնորհավորելով միմյանց տոնի առթիվ: Այսօր առավոտից նմանատիպ ու բազմամարդ միջոցառումներ անցկացվում են նաեւ մ արզի մյուս քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքներում: Տոնակատարությունը մարզկենտրոնում կշարունակվի հանդիսավոր նիստով, որի ընթացքում պետական պարգեւներ կհանձնվեն Հայաստանի անկախության տարիներին տարբեր ոլորտներում աչքի ընկած քաղաքացիներին: Այնուհետեւ կշարունակվի տոնական համերգը,իսկ տոնական միջոցառումները կեզրափակվեն երեկոյան տոնական հրավառությամբ, որը կտրվի մարզի բոլոր քաղաքային եւ մի շարք գյուղական խոշոր համայնքներում:
Խոսրով Խլղաթյան