Երևանում տեղի ունեցավ Դուդուկի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
CultureԴուդուկի և հայկական այլ նվագախմբերի փառատոնն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում: Փառատոնին մասնակցում է Հայաստանից, Արցախից և Սփյուռքից 35 երաժիշտ-կատարող:
«Սփյուռքի նախարարությունը «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում մեծ աշխատանք է կատարում: Փառատոնը նաև օ տարներին մեր հզոր երաժշտությանը ծանոթանալու հնարավորություն է ընձեռնում: Ցավոք, մեր ազգային գործիքների մասին քիչ են խոսում: Նման միջոցառումների շնորհիվ երիտասարդ սերունդը ճանաչում և սիրում է հայկականը, դասականը»,- նշեց կոմպոզիտոր Արա Գևորգյանը:
Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախագծերի մշակմանը:
«Հայ երաժշտությունը և դուդուկը ինձ երրորդ անգամ բերեցին Հայաստան: 2003թ. դեկտեմբերին կնքվել եմ այստեղ: Հաճախ եմ ասում, որ կամ Աստված է ինձ այստեղ բերել, կամ դուդուկն է ինձ ծանոթացրել Աստծո հետ: Իմանալով Հայաստանի պատմությունը` կարող եմ ասել, որ հայ երաժշտությունը արյամբ և ցավով է ստեղծվել: Անհրաժեշտ է պահել այդ ամենը»,- ընդգծեց փառատոնի մասնակից` դուդուկահար Վալերի Նամը, ով Հայաստան էր եկել Սանկտ Պետերբուրգից:
Արցախցի դուդուկահար Նորայր Սահակյանը շեշտեց, որ փառատոնը փորձի փոխանակման լավ հարթակ է:
«Երկրորդ անգամ եմ մասնակցում նման փառատոնի և շատ տպավորված եմ: Հնարավորություն ենք ունեցել ծանոթանալ այլազգի դուդուկահարների, իսկական պրոֆեսիոնալների հետ: Այս տարի սաներիս հետ եմ եկել, և նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու իրենց սիրելի Գևորգ Դաբաղյանի հետ»,-ասաց երաժիշտը:
Սեպտեմբերի 23-ին Դուդուկի փառատոնի մասնակիցները հանդես կգան Թալինում: Նրանք կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հայաստանի ազգային պատկերասրահ, կլինեն Գառնու հեթանոսական տաճարում և Գեղարդի վանքում: Օշականում ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, իսկ Երևանում` ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշարձանին: Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` Գավառում: