«Մշակութային վերածնունդ» փառատոնի ընթացքում այս տարի եւս զինվորին կշնորհվի երախտագիտության մրցանակ
SocietyԴիլիջան քաղաքում սեպտեմբերի 25-ին կանցկացվի «Մշակութային վերածնունդ» համահայկական փառատոնը: Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից եւ սփյուռքից ժամանած մասնակիցները կցուցադրեն գորգարվեստի թանգարանային նմուշներ, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագորություններ եւ այլն: Կներկայացվի Հայաստանի եւ Արցախի մշակույթը, ազգային խոհանոցը:
Փառատոնի կազմակերպիչ «Մեդիա Օնիքս» ընկերության տնօրեն Մարիա Մինասյանը առանձնակիորեն ընդգծեց հատուկ երախտագիտության մրցանակի կարեւորությունը:
«Մեր մրցույթում յուրահատուկ տեղ ունի այդ մրցանակը: Այն մենք շնորհում ենք Տավուշի սահմանը պահող որեւէ զինվորի՝ այդպես հայտնելով մեր երախտագիտությունը նրան, ում շնորհիվ մեր փառատոնը կայանում է»,- ասաց ընկերության տնօրենը՝ տեղեկացնելով, որ փառատոնին չի մասնակցի միայն Սյունիքի մարզը հեռավորության պատճառով:
Տնօրենի խոսքով՝ փառատոնը չի կազմակերպվում զուտ ցուցադրության, այլ փորձի փոխանակման, գործնական կապեր հաստատելու նպատակով:
Փառատոնի շրջանակում կազմակերպվելու է ազգային տարազների նոր ու ժամանակակից լուծումներով հանդերձանքների, աքսեսուարների ցուցադրություն: