Երևանում գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցների մասնակցությամբ մեկնարկել է Բերքի փառատոնը
Society«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը» մեկ հարկի տակ է հավաքել ավելի քան 100 ֆերմերային խմբերի, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցների Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից: Երևանում սեպտեմբերի 24-ին մեկնարկել է «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը», որն անցկացվում է արդեն 3-րդ տարին անընդմեջ: Միջոցառման հիմնադիրը գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն է, այն անցկացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Փառատոնի բացմանը ելույթով հանդես եկավՀայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Հայաստանում ԵՄ դեսպանը ներկաներին ողջունեց հայերեն, այնուհետև հավելեց, որ հպարտ է, որ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մշակվել և իրականացվում է այս գեղեցիկ միջոցառումը: «Այս փառատոնը ոչ միայն գյուղատնտեսական արտադրանքը ներկայացնելու միջոց է, այն բոլոր հայերի համար հպարտանալու և տնտեսության այս ճյուղի ներուժը ցուցադրելու առիթ է: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտ նել այս միջոցառման կազմակերպիչներին՝ Հայաստանի ապագան ցուցադրելու հնարավորության համար: Այս փառատոնի ընթացքում դուք հնարավորություն ունեք համտեսել նաև Եվրոպական Միության աջակցությամբ արտադրված գյուղական մթերքները»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Սվիտալսկին:
«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանն իր ելույթում ընդգծեց, որ փառատոնն արդեն ավանդական իրադարձություն է, որի շրջանակում արդեն երեք տարի անընդմեջ հավաքվում են՝ մեծարելու հայ գյուղացուն և նրա արտադրանքը: «Եթե մենք տարիներ առաջ թերահավատ էինք, ապա այսօր վստահաբար կարող ենք ասել՝ փառատոնը մայրաքաղաքում ամենասպասված ու սիրված իրադարձություններից է: Այս փառատոնում մենք, կարծես, հաշվետվություն ենք ներկայացնում մեր ժողովրդին, մայրաքաղաքի բնակիչներին, ովքեր ցանկանում են անձամբ շփվել արտադրողի հետ, տեսնել ու կիսել նրանց հաջողությունները և ուրախությունները»,- ընդգծեց Սարուխանյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր պետական կառույցներին և կազմակերպություններին, որոնք աջակցում են փառատոնի իրականացմանը:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն էլ ընդգծեց, որ փառատոնը յուրատեսակ երկխոսություն է երևանցիների և գյուղում աշխատող մարդկանց միջև: Նրա խոսքով՝ փառատոնի շրջանակում արդեն երրորդ տարին անընդմեջ գյուղացիներին, գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հնարավորություն է ստեղծվում հասարակությանը ներկայացնել տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքը, իրենց ունեցած հաջողությունները: «Մենք, համագործակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ, ամեն տարի փառատոնի համար ավելի շատ մասնակիցներ ենք ապահովում: Մենք հույս ունենք, որ այս տոնը կդառնա համապետական և խթան կհանդիսանա, որ մարզերում և գյուղերում ապրող և աշխատող մեր գյուղացիները ավելի մոտիվացված լինեն: Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք աջակցել գյուղատնտեսության զարգացմանը, լինելու ենք գյուղացիների կողքին նոր ծրագրեր և մոտեցումներ ներկայացնելու եղանակով»,- եզրափակեց փոխնախարարը:
Փառատոնը յուրօրինակ հնարավորություն է, որտեղ ֆերմերները, արտադրողներն ու գնորդները, վերամշակողները, տարբեր կազմակերպություններ և հնարավոր ներդրողներ կարող են հանդիպել, փոխանակել փորձը, գտնել նոր շուկաներ և համագործակցության եզրեր: Երևանի բնակիչները, ինչպես նաև հյուրերը հնարավորություն կունենան գտնել գյուղատնտեսական ապրանքների լայն տեսականի: