Քար նետելուց առաջ մի պահ մտածեք՝ արդյո՞ք Դուք անմեղ եք
AnalysisՕրերս համացանսում մեծ աղմուկ բարձրացավ, երբ պարզվեց, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նոր եթերաշրջանը «հարստացրել» է «Ամենակարող երգիչ» նախագծով:
Ինչպես անոնսից արդեն պարզ է դարձել, նախագիծը հավանաբար ոչ թե երգարվեստում հայտնի 6/8 ձևաչափում կամ այլ կերպ ասած՝ «ռաբիս» ժանրում հայտնի կամ անհայտ երգիչ-երգահաններին ու նրանց կատարումները պրոպագանդելու համար է ստեղծվել, այլ կորցրած լսարանը վերանվաճելու, բայց այդ լուրը «սև թղթի» նման շատ արագ հայտնվեց սոցիալական ցանցերում և դարձավ լրատվական հոսքերի թիվ մեկ քննարկման առարկան:
Ի դեպ, աղմուկն այնքան մեծ էր ու բուռն, նաև այն պատճառով, որ դրան արդեն միացել էին դասական և ժողովրդական երգիչներ, հայտնի մտավորականներ ու պարզապես մարդիկ, ովքեր ոչ միայն չեն սիրում ռաբիսը, այլև դեմ են, որ պետբյուջեից սնվող ու հեուստատեսային դաշտում պետական քրոզչության առաքելությունը ստանձնած Հ1-ն իր ոճին ու ասելիքին ոչ հարիր գործով զբաղվի ու ռաբիս քարոզի:
ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն էլ կոչ արեց հայ ժողովրդին ոտքի կանգնել և երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողությունը կանխել:
«Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»- Facebook-յան իր էջում գրել էր սիրված ու աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը:Նախագծի ցուցադրումը կասցենելու նրա կոչով ստորագրահավաք սկսվեց ու տարածվեց ամենուր, սակայն հարց է ծագում, թե ինչու՞ նախագծի դեմ ընդվզող նույն այդ հայտնի մարդիկ ու սիրված մտավորականները, ովքեր այսօր ոտքի են կանգնել ու պահանջում են, որ այն եթերից հանվի, այսքան տարի երբևէ որևէ դրական, շնորհակալական խոսք չհնչեցրեցին ու ստորագրահավաք չկազմակերպեցին, երբ տարիներ շարունակ նույն այդ Հ1-ի եթերում մշտապես հնչում էր դասական երաժշտությունը:
Ինչու՞այդ ժամանակ «բոլորս դեպի դասական երաժշտությունը», «բոլորս դեպի բարձր արվեստ» ու նմանատիպ կոչերով նման հզոր պրոպագանդա չարվեց նույն սիրված երգուհի, հայոց հպարտություն և անկրկնելի սոպրանո Հասմիկ Պապյանի կողմից:
Հանուն անկեղծության հիշեցնենք, որ դասական երաժշտության հանդեպ սեր արթնացնելու և այն պրոպագանդելու փոխարեն շատ մտավորականներ նույնիսկ ասում էին, որ Հ1-ի եթերը շատ անհետաքրքիր է, իսկ երբ հեռուստաընկերությունը մի օր որոշեց իր վարկանիշը բարձրացնելու համար հետևել օրվա թրենդին ու նման հաղորդաշար ստեղծել, բոլորը միահամուռ կանգնեցին ոտքի ու սկսեցին միաբերան պախարակել հեռուստաընկերությանն էլ, հեռուստաըկերության ղեկավարությանն էլ:
Հիմա պարզ է չէ՞, որ լավ գործերի ժամանակ Ձեր իսկ ցուցաբերած անտարբերությունն է իրականում ավելի վատը դարձնում հանրայինի եթերն էլ, կայքն էլ, և այսօր մարդկանց անարգանքի սյունին գամելուց առաջ մի պահ մտածեք, թե դուք որտեղ եք թերացել, կամ արդյոք մեղք չունեք, որ Հ1-ում որոշում կայացվեց նման հաղորդաշար ստեղծել և ցուցադրել նույն այդ դասականի կողքին: Ասել է, թե քար նետելուց առաջ, մի պահ մտածեք՝ արդյո՞ք Դուք անմեղ եք:
Արմինե Գրիգորյան