Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը նշում է հիմնադրման 55-ամյակը
SocietyՍրտաբանության գիտահետազոտական ինստիտուտն այս տարի նշում է հիմնադրման 55-ամյակը: Այդ առիթով սեպտեմբերի 30-ին Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց հոբելյանական երկօրյա գիտաժողով, որին եկել են մասնակցելու տարբեր երկրների սրտաբաններ:
Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը նշեց, որ Հայաստանը բազմաթիվ հաջողություններ ունի սրտաբանական հիվանդությունների բուժման բնագավառում:
«Աշխարհում տարեկան ամեն երրորդ հիվանդը մահանում է ինֆարկտից: Մենք այդ առումով բավական հաջողություններ ունենք: Շուտով Հայաստանում ներդրվելու են տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ առանց մարդու սիրտը բացելու հնարավոր է լինելու անոթի միջոցով փոխել սրտի փականը»,- ասաց պրոֆեսորը:
ՀՀ նախագահի օգնական Մարտին Զաքարյանն էլ ներկայացրեց Սերժ Սարգսյանի ելույթը, որում Նախագահը շնորհավորել էր ինստիտուտին հիմնադրման 55-ամյակի առթիվ եւ նշել, որ պետության ջանքերով հնարավոր է եղել նվազեցնել սրտի կարեւորագույն հիվանդությունների ինքնարժեքը, ինչը զգալիորեն բարձրացրել է որակյալ բուժօգնության հասանելիությունը Հայաստանի քաղաքացիների համար:
«Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ հիվանդության, մահացության եւ հաշմանդամության հիմնական պատճառ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Ուստի սրտաբանն երի աշխատանքը չափազանց պահանջված է` Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի արդիականացումն էլ` ժամանակի հրամայական»,-մասնավորապես նշված էր Նախագահի ուղերձում:
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն իր ելույթում վստահեցրեց, որ Հայաստանի սրտաբանները համապատասխանում են միջազգային չափանիշներին ի շնորհիվ սրտաբանության ինստիտուտի:
«Ժամանակը գնում է, կյանքը զարգանում, այնպես որ մենք այս ոլորտում դեռ կներկայացնենք մեր անելիքները»,-հավելեց նախարարը: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով սրտաբանության զարգացման գործում ունեցած ավանդի, ինչպես նաեւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը պարգեւատրվեց 2-րդ աստիճա նի շքանշանով:
Սրտաբանության ոլորտում ունեցած երկարատեւ եւ անմնացորդ աշխատանքի համար ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով պարգեւատրվեցին մի շարք գիտնականներ:
Գիտաժողովին ներկա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ոսկե մեդալով պարգեւատրեց ինստիտուտի կլինիկական լաբորատոր ախտորոշման բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վիլիս Մկրտչյանին:
Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց հոբելյանական երկօրյա գիտաժողովի ընթացքում կքննարկվեն սրտաբանության արդի հիմնախնդիրները, ինչպես նաեւ կներկայացվեն միջազգային բժշկագիտության նորագույն ձեռքբերումները, բուժման ամենավերջին մեթոդներն ու չափորոշիչները: