Փորձաքննությունների ազգային բյուրոյում գիտագործնական բազա է բացվել
SocietyՓորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) գիտագործնական բազայի բացումը՝ երկու ամբիոնների` դատական բժշկության և բժշկական գենետիկայի գծով: Հատկանշական է, որ տվյալ բազան բացվել է ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի և Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանի միջև 2016թ. ապրիլին ստորագրված պայմանագրի շրջանակներում:
Միջոցառմանը ներկա էին ԵՊԲՀ պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը, ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շոթա Վարդանյանը, ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Թամարա Սարգսյանը և այլ աշխատակիցներ:
Բացման արարողության ժամանակ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը նշեց, որ բազայի բացման հիմնական նպատակներն են գիտական նախագծերի համատեղ իրականացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, փորձագիտությունների և հետազոտությունների անցկացմանն առնչվող խորհրդատվությունը, ինչը կնպաստի դրանց որակի բարձրացմանը տվյալ մասնագիտություններով, որի աշխատանքներին կմասնակցեն ԵՊԲՀ լավագույն դասախոսներն ու պրոֆեսորները:
Նախատեսվում է ընդլայնել նաև համագործակցությունը թունաբանության և մի շարք այլ բժշկակենսաբանական բնագավառներում: Ի շահ ընդհանուր գործի, նախատեսվում է օգտագործել Երևանի պետական բժշկական համալսարանում և Փորձաքննությունների ազգային բյուրոյում առկա ամենաժամանակակից սարքավորումները, ինչը նաև ԵՊԲՀ ուսանողների համար համապատասխան մասնագիտությունների գծով գործնական պարապմունքների կազմակերպման կարևոր օղակ կդառնա: