Երեխայի վարքագիծը հուշում է հիվանդության մասին. հարցազրույց մանկաբույժ Հ. Մարգարյանի հետ
InterviewԵղանակի կտրուկ փոփոխությունների հետևանքով օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը հաճախ պատճառ է դառնում, որ մի շարք վիրուսային հիվանդություններ գլուխ բարձրացնեն և օդակաթիլային եղանակով տարածվելով համաճարակների պատճառ հանդիսանան:
Վիրուսային հիվանդություններից ամենատարածվածը գրիպն է, որը եղանակային տատանումների ժամանակ թակում է բոլոր մարդկանց դռները, իսկ նպաստավոր պայմանների դեպքում սկսում է նաև զարգանալ: Ու եթե մեծահասակները գրիպով վարակվելիս պետք է շատ հեղուկ խմեն, փոխեն սննդակարգը կամ պարզապես դիմեն դեղամիջոցների օգնությանը, ապա մանկահասակ երեխաների՝ գրիպով վարակվելու դեպքում բուժումն իր առանձնահատկություններն ունի:
Ի՞նչ անել, երբ երեխայի շրջապատում գրիպով հիվանդ կա և ինչպե՞ս երեխային զերծ պահել գրիպով վարակվելու վտանգից: Orer.am-ի զրուցակիցն է «Մուրացան» համալսարանական համալիրի մանկաբույժ Հրանուշ Մարգարյանը:
- Տիկին Մարգարյան, ինչպե՞ս պաշտպանել մանկահասակ երեխային գրիպով վարակվելու վտանգից, երբ ընտանիքի անդամներից մեկն արդեն հիվանդ է:
- Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման ժամանակ անհրաժեշտ է երեխաներին ավելի տաք հագցնել, օդափոխել սենյակները և այն միջավայրը, որտեղ երեխան քնում է: Անհրաժեշտ է հնարավորինս զերծ մնալ հիվանդի հետ շփումից: Բացի այդ՝ հարկավոր է երեխային կերակրել ավելի հաճախ, սննդակարգում ներառել վիտամիններով, սպիտակուցով և այլ միկրոէլեմենտներով հարուստ սնունդ, որպեսզի երեխայի օրգանիզմն ավելի պաշտպանված լինի: Անհրաժեշտ է նաև պահպանել երեխաներին տրվող հեղուկի քանակը, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի: Հիվանդանալու դեպքում միանշանակ պետք է դիմել բժշկի և կատարել բոլոր նշանակումները: Անհրաժեշտ է օգտագործել իմունային համակարգը վերականգնող դեղորայք, տարբեր քսուքներ, հակավիրուսային դեղորայքր և քթի կաթիլներ:
- Իսկ որո՞նք են հիվանդության առաջին նշանները:
- Երեխայի թուլությունը, դժվար արթնանալը, երեխայի գույնի փոփոխությունը: Մրսածության ժամանակ երեխան ավելի սփրթնած գույն է ունենում, քթի արտադրությունը, հազը, փռշտոցները, որոնք կրկնվում են օրը մի քանի անգամ: Նման ախտանշանները մայրիկներին հուշում են, որ երեխան կարող է հիվանդանալ: Բացի այդ՝ կարող են արցունքոտվել նաև երեխայի աչքերը, որոնք կարող են վիրուսային կոնյուկտիվիտի սկզբի մասին հուշել մայրիկներին:
- Ի՞նչ է պետք անել հիվանդության զարգացումը կանխելու համար:
- Պետք է երեխային շատ հեղուկ տալ, կերակրել քիչ-քիչ և ավելի հաճախ: Բացի այդ՝ պետք է երեխային զերծ պահել զանգվածային վայրերում գտնվելուց, որպեսզի նախ՝ երեխան ավելի շուտ ապաքինվի և երկրորդ՝ երեխան չդառնա հիվանդության տարածման աղբյուր:
- Մինչև 6 ամսական երեխաների՝ օրվա ընթացքում մեկ-երկու փռշտոցն ինչի՞ հետևանք կարող է լինել:
- Մինչև 6 ամսական երեխայի մոտ կարող է նաև քթում չորացած արտադրությունը փռշտոցի պատճառ հանդիսանալ, բայց փռշտոցի հաճախակի կրկնվելն արդեն հուշում է հիվանդության մասին: Ինչ վերաբերում է ալերգիկ երևույթներին, ապա մինչև 6 ամսական երեխաների մոտ քիչ հավանական է, որ փռշտոցը լինի ալերգիայի պատճառ: Ալերգիան երեխաների մոտ ի հայտ է գալիս ավելի մեծ տարիքում: Երբ կոկորդում չկա կարմրություն, չկա ջերմային ֆոն, բայց եթե կա քթից առատ հոսք և փռշտոց, դա արդեն հուշում է, որ երեխայի մոտ ալերգիկ ֆոն կա: Այն օրվա մեջ կարող է թուլանալ կամ ուժեղանալ, երբ երեխան շփվում է այդ ալերգենի հետ: Երբ երեխայի մոտ նման երևույթներ չկան, մայրերը պետք է ավելի շատ մտածեն, որ երեխայի մոտ հիվանդություն է զարգանում, քան դա ալերգիկ երևույթի հետևանք է:
Արմինե Գրիգորյան