Հուսամ մի օր բոլոր հայոց վանքերն ու եկեղեցիները կվերականգնվեն ու կդառնան գործող. Նազենի Հովհաննիսյան
LifestyleՆազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բովուրխանի Վանական համալիրն է, խոնարհված եկեղեցիներից մեկը. անհավանական էներգետիկա ուներ։ Քչերը գիտեն տեղը, անգամ Արցախցիներից շատերը չեն եղել, թեև մոտ է Ստեփանակերտին...
Հուսամ մի օր բոլոր ՀԱՅՈՑ ՎԱՆՔԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ կվերականգնվեն ու կդառնան ԳՈՐԾՈՂ։
Վիքիից է. Վանք-ամրոցը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում' Ննգի գյուղի անտառներում՝ Բովուրխան լեռան հյուսիսային լանջին:
Այն հիմնել է Շախնազարյանների իշխանական տոհմի նշանավոր մելիք' Վարանդայի իշխան Բաղրը: Նա իշխել է XVIIդ. առաջին կեսին մինչև 1646թ.: Սարը և վանք-ամրոցը մելիքի անունով կոչվել է Բաղրխան: Անվանումը հետագայում վերափոխվել և դարձել է Բուրուխան, Բովրխան, Բովուրխան:
Համալիրը բաղկացած է եկեղեցուց, բնակելի, տնտեսական ու արտադրական շինություններից և շրջապատված է պարիսպներով ու աշտարակներով: Համեմատաբար լավ է պահպանվել արևելյան մասում գտնվող եկեղեցին: Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ եկեղեցին կառուցվել էր XVIIդ.:
Վանքային համալիրում պարիսպը ընդգրկում է 40x18,5մ մակերեսով տարածք: Ամրոցը ունեցել է ջրմուղ և դեպի Ննգի գյուղը տանող գաղտնուղի:
Բովրխան լեռան ստորոտում գտնվում են վանքի աղբյուրը և ամրոցի պաշտպանական համակարգի մեջ մտնող չորս դիտակետ, Լեռի-խաչ և Անահիտ մատուռները:
Բովուրխանը հանդիսանում էր պաշտամունքային կենտրոն և Վարանդայի մելիքության ամառային նստավայրը: Բացի դրանից, XVIIIդ. առաջին կեսին այստեղ տեղակայված էր Քարքարի կայազորը:
