Տեղի ունեցավ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» տարեկան 3-րդ գիտաժողովը
SocietyՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» «Ապագայի բժշկություն. համատեղ հայացք համընդհանուր խնդրին» միջազգային մասնակցությամբ տարեկան 3-րդ գիտաժողովը, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին:
Գիտաժողովի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գեւորգ Գրիգորյանը, ով նախ՝ ողջունեց միջոցառման ներկաներին` կարեւորելով նրանց մասնակցությունը տվյալ գիտաժողովներին, այուհետ՝ համառոտ ներկայացրեց ծրագրում ներառված թեմաներն ու դրանց արդիականությունը:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին բժշկության տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մի շարք բուհերի ուսանողներ:
Մասնակիցների հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ բավական մեծ էր, ինչի վառ ապացույցն էր լեփ-լեցուն մեծ դահլիճը, ինչպես նաեւ մյուս երեք դահլիճները, որտեղ ուղիղ հեռարձակմամբ մասնակիցներն ունկնդրում էին բանախոսների կողմից ներկայացված զեկույցները, որոնք արդիական էին, ինչու ոչ, նաեւ հրատապ:
Գիտաժողովի ընթացքում հիմնական շեշտադրմամբ ներկայացվեցին 25-ամյա պետության առողջապահության համակարգի և բժշկության ձեռքբերումները՝ Անկախության սերնդի ձեռքբերումները և ոլորտի զարգացման նոր տեսլականը:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են` առողջապահության կազմակերպում, ուռուցքաբանական հիվանդություններ, մանկաբարձություն և գինեկոլոգիա, պլաստիկ և էսթետիկ վիրաբուժություն, ստոմատոլոգիա և դիմածնոտային վիրաբուժություն, լաբորատոր և ճառագայթային ախտորոշում, ներքին օրգանների հիվանդություններ:


Նշենք, որ գիտաժողովի շրջանակներում անցկացվեց նաև երիտասարդ մասնագետների կողմից ներկայացվող կլինիկական դեպքերի ներկայացման մրցույթ` «Ես եմ անկախության սերունդը» խորագրով` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Տեղեկացնենք, որ միջոցառման մասնակիցներին շնորհվել են շարունակական մասնագիտական զարգացման 11 կրեդիտներ:
Հիշեցնենք, որ գիտաժողովը տեղի է ունեցել «Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի», «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի», «Ուռուցքաբանների հայկական ասոցիացիայի», «Գինեկոլոգների հայկական ասոցիացիայի», «Օնկոհոգեբանների հայկական ասոցիացիայի» մասնակցությամբ: