Կարմիրգյուղում անցկացված «Բաց դռների օր» միջոցառման ընթացքում հետազոտվեց 91 քաղաքացի
SocietyԳեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի բուժամբուլատորիայում, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության կողմից կազմված ժամանակացույցով ու տեղի բժիշկ մասնագետների ընդգրկմամբ, կազմակերպվեց առողջապահական «Բաց դռների օրեր» միջոցառումը:
Ինչպե տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, «Բաց դռների օր» միջոցառման ընթացքում իրենց դիմած 91 քաղաքացիներին հետազոտեցին Գավառի եւ Մարտունու բժշկական կենտրոնների էնդոկրինոլոգ, կարդիոլոգը, վիրաբույժը, գինեկոլոգը, անոթային վիրաբույժը, ուռոլոգը, ակնաբույժը, նեվրապաթոլոգը և քիթ-կոկորդ-ականջաբանը:
Հետազոտվածների մի մասի բուժումը նշանակվեց տեղում, իսկ մոտ 30 տոկոսը բուժման ուղեգրվեցին Գավառի բժշկական կենտրոն: Առողջապահական հետազոտման ընթացքում առանձնակի ուշադրության են արժանանում զինվորական հաշմանդամները: «Զինվորական հաշմանդամների հետ զրույցի ընթացքում մեզ համար պարզ դարձավ, որ ամենամեծ խնդիրը դեղորայքի խնդիրն է, հատկապես այն դեղորայքի, որն ընդգրկված չէ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված դեղորայքի հիմնական ցանկում:
Գեղարքունիքի մարզպետի հետ ունեցած քննարկման արդյունքում որոշվել է, որ անհրաժեշտ դեղորայքը հանձնաժողովային կարգով այսուհետ պետք է տրամադրվի զինվորական հաշմանդամներին»,- հավաստեց Գեղարքունիքի մարզպե տարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը:
Կարմիրգյուղի բուժամբուլատորիան սպասարկում է մոտ 6300 բնակչի: Այստեղ «Բաց դռների օրեր»-ը կարեւորեցին ինչպես առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները, այնպես էլ՝ բուժամբուլատորիայի բուժանձնակազմը:
«Ունենք լաբորատորիա, էլեկտրասրտագրության հնարավորություն: Սակայն այսօրվա հետազոտությունները կարեւոր են այնքանով, որ այսօր ներկա են նեղ մասնագետ բժիշկները, որոնց կողմից իրականացվող հետազոտությունները կնպաստեն մեր բնակչության առողջական խնդիրների վաղ հայտնաբերմանը եւ կանխարգելմանը»,- նշեց Կարմիրգյուղի բուժամբուլատորիայի տնօրեն Լուսինե Մուսոյանը:
Իսկ բուժհետազոտման ենթարկված քաղաքացիներից ոմանք անհրաժեշտ են համարում նման կարգի միջոցառումներ կազմակերպել ավելի հաճախակի՝ եռամսյակը մեկ հաճախականությամբ: