Յոհան Կրոյֆը Մեսիին չի ընդգրկել ֆուտբոլի պատմության խորհրդանշական հավաքականում
SportՀոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆի ինքնակենսագրական գիրքը հոկտեմբերի 5-ից վաճառքում է, հաղորդում է Sport.es-ը։
«14. Ինքնակենսագրական» անվանումը ստացած գրքում «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստն ու գլխավոր մարզիչը պատմում է ֆուտբոլի զարգացման ու փիլիսոփայության մասին, քննարկում է կյանքն ու քաղաքականությունը։ Բացի այդ, Կրոյֆը ներկայացրել է իր վարկածով ֆուտբոլի պատմության խորհրդանշական հավաքականը, որում տեղ են գտել հետեւյալ ֆուտբոլիստները․ Լեւ Յաշին, Կարլոս Ալբերտո, Ֆրանց Բեկենբաուեր, Խոսեպ Գվարդիոլա, Ռուդ Կրոլ, Ալֆրեդո Դի Ստեֆանո, Բոբի Չարլթոն, Գարինչա, Պելե, Մարադոնա, Պիտ Կայզեր։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 24-ին 68-ամյա հոլանդացին մահացել էր թոքերի քաղցկեղի հետեւանքով: Յոհան Կրոյֆը «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր է: Խաղացողի կարգավիճակում հանդես է եկել «Այաքսում», «Ֆեյենորդում», «Բարսելոնայում», «Լեւանտեում», «Լոս Անջելեսում» եւ «Վաշինգտոնում», դարձել է Հոլանդիայի 9-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռյակի գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն: Հոլանդիայի հավաքականում անցկացրած 48 խաղում խփել է 33 գոլ, դարձել է 1974թ. աշխարհի փոխչեմպիոն, 1976թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր:
Կրոյֆը եղել է «Բարսելոնայի», «Այաքսի» եւ Կատալոնիայի հավաքականի գլխավոր մարզիչը: 1988-1996 թվականներին նրա գլխավորությամբ «Բարսելոնան» նվաճել է 11 տիտղոս՝ Իսպանիայի չորս չեմպիոնություն, Իսպանիայի գավաթը, երեք անգամ սուպերգավաթը, Եվրոպական չեմպիոնների գավաթը, Եվրոպայի գավաթակիրների գավաթը: