«Ուրարտու» բասկետբոլային թիմի ավագը մեծ ակնկալիքներ ունի առաջիկա խաղերից
SportԵրևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի ավագ Ամիրան Ամիրխանովի կարծիքով հայկական նորաստեղծ բասկետբոլային ակումբը լավ նախապատրաստական փուլ է անցել և առաջիկա խաղերից մեծ սպասելիքներ ունի:
«Չէի ցանկանա գովաբանել մեզ, պարզապես մենք իսկապես հաղթանակ տոնեցինք բավականին ուժեղ մրցակիցների նկատմամբ՝ ունենալով 50 միավորի առավելություն: Այս պարագայում չեմ կարող ասել՝ մենք էինք ավելի ուժեղ, թե՝ ոչ: Թիմում տրամադրվածությունը բավականին բարձր է: Մենք՝ հայերս, և արտասահմանյան խաղացողներն ապրում ենք իրար շատ մոտ, հասկանում ենք միմյանց՝ թե խաղերի ու պարապմունքների ժամանակ, թե դրանցից դուրս: Բավականին լավ պայմաններ են ստեղծված: Մեզ մնացել է միայն լավ խաղ ցուցադրել և հաղթանակ տոնել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ամիրխանովը:
Թիմի ավագը խոսեց նաև առաջիկա մրցակիցների մասին՝ շեշտելով, որ իրենց հեշտ հանդիպումներ չեն սպասվում: «Այո, ծանոթ եմ մրցակից թիմերին, քանի որ խաղացել եմ «Սուպերլիգա»-ի շրջանակներում մոտ 5-6 տարի: Ծանոթ եմ գրեթե բոլոր խաղացողներին: Թիմերն այս պահին բավականին լուրջ խաղացողներով են համալրված: Այս թիմում արդեն իսկ ներգրավել են նոր խաղացողներ «ՎՏԲ» լիգայից: Նրանք շատ պրոֆեսիոնալ են: Ամեն ակումբում 2-3 խաղացող ներգրաված է «ՎՏԲ» լիգայից: Այդ իսկ պատճառով խաղերը հեշտ չեն լինելու»,-փաստեց նա:
Երևանի «Ուրարտուն» հոկտեմբերի 6-ին առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի 2016/17 թթ. խաղարկությունում` հյուրընկալելով ռուսաստանյան «Ռյազանին»: Հանդիպումը կկայանա Երևանի «Դինամո» մարզադահլիճում: Նույն մարզադահլիճում «Ուրարտուն» կանցկացնի 2-րդ տուրի՝ «Սամարայի» հետ հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 9-ին: Տոմսերը վաճառքում կլինեն հոկտեմբերի 5-ից և կարժենան 1500 դրամ: