Հայաստանը և Լիտվան կրկնապատկել են առևտրաշրջանառությունը
EconomicsԼիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահ Ռոբերտաս Դարգիսի հետ։
Հանդիպմանը ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահին 2014թ. Վիլնյուսում և 2015թ. Երևանում կազմակերպված հայ-լիտվական գործարար համաժողովներին ցուցաբերած աջակցության և ակտիվ մասնակցության համար։ Քննարկվել է այդ համաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Գոհունակությամբ արձանագրվել է, որ առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև 2015թ. համեմատ կրկնապատկվել է։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը կարող է հավելյալ առևտրատնտեսական գրավչություն ներկայացնել՝ հաշվի առնելով, որ այն կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ երկրների և Իրանի, ինչպես նաև ԵՄ երկրների և Եվրասիական տնտեսական միության միջև։ Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2017թ. նոր գործարար համաժողով հրավիրելու մասին։
ՀՀ դեսպանն ընդգծել է Լիտվայի կողմից իրականացվող ԵՄ Արևելյան հարևանության քաղաքականության շրջանակներում նախատեսվող տնտեսական ծրագրերում հայկական ընկերությունների ընդգրկման անհրաժեշտությունը:
Ռոբերտաս Դարգիսը և Տիգրան Մկրտչյանը նաև քննարկել են Հայաստանում և Լիտվայում առաջընթաց ապրող բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները։
Հանդիպմանը մասնակցել է նաև բալթյան երկրներում Զարգացման հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանը։
Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիան Լիտվայի և բալթյան երկրների ընկերություններից է, որը ներկայացնում է խոշոր արդյունաբերողների և գործատուների շահերը։
Այն ներառում է արդյունաբերության բոլոր հիմնական ոլորտները՝ միավորելով Լիտվայի աշխատուժի մոտ մեկ երրորդը՝ ՀՆԱ-ի շուրջ 60%-ը։ Կոնֆեդերացիան համակարգող կազմակերպություն է, որը միավորում է 50 ճյուղային և 7 տարածաշրջանային ասոցիացիաներ․ այն ներառում է հասարակական և մասնավոր ոլորտների շուրջ 3000 միջին և մեծ ձեռնարկություններ։