Ռաիսա Վարդանյանը խոսել է Հայաստանից Վիետնամ արտահանման հնարավորություններից
EconomicsՀանոյում՝ ՌԴ մշակութային կենտրոնում, հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՎՍՀ-ում հավատարմագրված ԵԱՏՄ դեսպանների մամլո ասուլիսը՝ ԵԱՏՄ-Վիետնամ ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ելույթներով հանդես եկան Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ՌԴ, դեսպանները, ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարության եվրոպական շուկաների դեպարտամենտի ղեկավարը:
Իր ելույթում դեսպան Ռաիսա Վարդանյանը ՀՀ Կառավարության անունից շնորհավորել է Վիետնամի կառավարությանը՝ ԵԱՏՄ հետ առաջին ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ, ներկայացրել առաջիկա տարիներին համաձայնագրի կատարման հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանից Վիետնամ ապրանքների և ծառայությունների արտահանման հնարավորություններին:
Ելույթներից հետո ԵԱՏՄ դեսպանները, առևտրական ներկայացուցիչները և վիետնամցի պաշտոնյաները պատասխանեցին լրագրողների հարցերին:
Ասուլիսին ներկա էին 50-ից ավելին վիետնամական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դիվանագիտական անձնակազմի և առևտրական ներկայացուցիչներ, Վիետնամի գործարար շրջանակների անդամներ: