Գաել Անդոնյան. Մեր ընտրական խմբում ամեն ինչ հնարավոր է
SportԵս սրտով եմ ընտրել Հայաստանի հավաքականը, ասել է «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը:
«Ես հայ եմ, շատ ժամանակ եմ անցկացրել պապիս ու տատիս հետ, որոնք ծանոթացրել են հայկական մշակույթի, խոհանոցի եւ լեզվի հետ:
Հայաստանի հավաքականում խաղալն իսկական մարտահրավեր էր ինձ համար: Շատ էի ցանկանում փորձել ուժերս ավելի բարձր մակարդակի վրա եւ չբավարարվել «Մարսելի» առաջին թիմի հետ մարզվելով եւ երկրորդ թիմում խաղալով:
Երբ խաղում ես Պորտուգալիայի, Ֆրանսիայի կամ Սերբիայի նման հավաքականների հետ, դա քեզ հաղորդում է վստահություն: Խնդիրն այն է, որ այդպիսի հանդիպումների համն առնելուց հետո, ցանկանում ես այդ մակարդակում խաղալ ամեն շաբաթ, բայց ստիպված ես համակերպվել եղածի հետ:
Շատ դժվար է Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի առաջնության հանդիպումներից հետո խաղալ համաշխարհային ֆուտբոլի աստղերի դեմ: Երբ խաղադաշտ դուրս գալուց առաջ կանգնած էի Կրիշտիանու Ռոնալդուի հետ, խառը զգացումներ ունեի, բայց մարզիչի մեկնարկային սուլիչից հետո կենտրոնանում ես խաղի վրա: Կարեւոր չէ, թե ում դեմ եմ խաղում՝ Ռոնալդուի կամ «Մարտիգի» հարձակվողի դեմ: Իմ խնդիրն է թույլ չտալ նրանց գոլ խփել:
Մեր ընտրական խմբում ամեն ինչ հնարավոր է: Ինչո՞ւ չմատուցել անակնկալ»,- Գաել Անդոնյանի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:
21-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Ռումինիայի եւ Լեհաստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին: