Իսպանիայի Բենալմադենա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է բացվել
SocietyԻսպանիայի Բենալմադենա քաղաքում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարի տեղադրման և օծման արարողություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետռ կապերի վարչությունից, խաչքարը տեղադրվել է քաղաքի կենտրոնական «Parque de la Paloma» պուրակում:
Արարողությանը մասնակցել են Բենալմադենայի քաղաքապետ Վիկտոր Նավաս Պերեսը, քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Իսպանիայում Հայ առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք Աբեղա Սարգսյանը և Մալագա պրովինցիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Քաղաքապետ Պերեսն իր ելույթում կարևորել է հայկական խաչքարի տեղադրումը Բենալմադենայում` ընդգծելով հայ-իսպանական բարեկամության հերթական օրինակը հանդիսացող խաչքարի խորհուրդը և գեղագիտական արժեքը:
Դեսպան Ադոնցն էլ իր հերթին նշել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այս հուշարձանը միաժամանակ կոչ է ուղղված համայն մարդկությանը՝ դասեր քաղելու պատմության դառն էջերից և չկրկնելու անցյալի սխալները: Ավետ Ադոնցը նաև շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանություններին օգոստոսի 12-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող և դատապարտող միաձայն որոշում կայացնելու համար: