8 փաստ Երեւանի ու երեւանցիների մասին (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Երեւանն աշխարհի ամենահին եւ զարմանահրաշ քաղաքներից է։ Նեղ փողոցներ, պատմական վայրեր, հյուրասեր մարդիկ… այն ասես կախարդական ձգող հատկություն ունի, որը զբոսաշրջիկներին իր մասին հիշելիս ստիպում է ժպտալ ու կրկին վերադառնալու ցանկություն ունենալ։

Wnews.am-ը ներկայացնում է ութ փաստ մեր սիրելի մայրաքաղաքի մասին.
1. Երեւանը`Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկում.

Վերջին տասը տարիներին Երեւանում անհավանական արագությամբ նոր շենքեր, ռեստորաններ ու սրճարաններ են կառուցվել, որոնք շատերի տեսանկյունից քաղաքին մեծ հմայք են հաղորդում։Շատ արտասահմանցիներին զարմացնում է կոնտրաստը, որում միահյուսված են ինչպես ասիական հոգին, այնպես էլ հայկական ավանդույթներն ու եվրոպական ճարտարապետությունը։
Օրինակ`թանկարժեք խանութներից եւ ռեստորաններից այն կողմ կարող եք հանդիպել տղամարդկանց, ովքեր նարդի են խաղում, կանայք՝ խալի լվանում, տատիկները բարձ եւ բրդյա վերմակ կարում։ Շատ օտարերկրացիների կարծիքով, Երեւանը Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկն է, որն իր մեջ միաձուլում է հինն ու նորը։
2. Քաղաքում երբեք ծարավ չեք մնա.

Երեւանում խանութներից ջուր գնելու փոխարեն ամեն քայլափոխի կարող եք ցայտաղբյուրներ հանդիպել, որտեղից քաղցրահամ ջուր է հոսում։ Երեւանյան «պուլպուլակները» կարող են հագեցնել ցանկացած զբոսաշրջիկի ծարավը։ Ի դեպ, երեւանյան բնակարաններում եւ հյուրանոցներում եւս խմելու քաղցրահամ ջուր է հոսում. այստեղ մոռանում եք ջրի խնդրի մասին։
3. Այստեղ օրվա ցանկացած ժամի անվտանգ է.

Անգամ գիշերվա ուշ ժամին դուք կարող եք հանգիստ զբոսնել մայրաքաղաքում։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է հանգիստ դուրս գալ փողոց եւ զբոսնել գիշերային քաղաքում`հատկապես որ շատ սրճարաններ եւ ռեստորաններ բաց են մինչեւ ուշ գիշեր։ Եվս մեկ առավելություն. այստեղ, ի տարբերություն շատ քաղաքների, գիշերը հազվադեպ կհանդիպեք հարբած մարդկանց։
4. Հյուրասեր ու ջերմ մարդիկ.

Այստեղ մարդիկ պատրաստ են անծանոթին երկար ժամանակ հատկացնել, ցույց տալ իրեն հետաքրքրող վայրը, անհրաժեշտ ինֆորմացիա տրամադրել։ Երեւանցիները շատ հյուրասեր են. ցանկացած հյուրի նրանք ոչ թե սուրճ կամ թեյ են հյուրասիրում, այլ հայկական ավանդական ճաշատեսակներով մեծ սեղան բացում ու անդադար հյուրասիրում։
5. Այստեղ բոլորն իրար ծանոթի ծանոթն են

Երեւանը փոքր քաղաք է, ուստի անծանոթները երկար խոսելուց հետո պարզում են, որ ունեն ընդհանուր ծանոթ-բարեկամ։Շատ ու շատ հարցեր էլ Երեւանում հեշտությամբ եւ արագ են լուծվում. եթե դու խնդիր ունես, զանգում ես, օրինակ, հորեղբորդ, նա իր ընկերոջը, ընկերն իր եղբորը ու վերջ. քո հարցը լուծված է։
6. Երեւանցիները ամեն ինչից գլուխ են հանում.
Երեւանցիները, ընդհանուր առմամբ, զարգացած մարդիկ են։ Յուրաքանչյուր բնակիչ գլուխ է հանում բժշկությունից, քաղաքականությունից, կրթությունից, սպորտից եւ տնտեսությունից։ Նրանք ժամերով կարող են քննարկել այս կամ այն քաղաքական իրադարձությունը, որը անգամ չի վերաբերում իրենց երկրին եւ ունեն հարցի լուծման իրենց հստակ տեսակետը։ Եվս մեկ փաստ. 30 րոպե տաքսու մեջ անցկացնելով` վարորդից, ով խորհրդային միության տարիներին «լավ գործի» է եղել, կարող եք տեղեկանալ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, իհարկե, իր մեկնաբանմամբ։
7. Երեւանյան սննդամթերքը թարմ ու առողջարար է.

Երեւանյան շուկաներում միշտ կարելի է գնել առողջ, թարմ ու բուրումնավետ մթերքներ։ Շատ զբոսաշրջիկներ երեւանյան շուկաներում շրջում են ասես թանգարանում, որտեղ կարելի է եւ՛ անվճար ամեն ինչ փորձել, եւ՛ ինչ-որ բան գնել ինչպես իրենց, այնպես էլ՝ ընկերների համար։
Երեւանում միշտ կարելի է գնել հոյակապ կոնյակ, գինի եւ այլ խմիչքներ. քաղաքում գնահատվում են միայն բարձրորակ խմիչքները։
8. Երեւանում ամենուր շքեղ ավտոմեքենաներ են.
Երեւանյան փողոցներում կարելի է հանդիպել շքեղ ու թանկարժեք ավտոմեքենաներ։ Ավտոմեքենան ասես երեւանցիների ընտանիքի անդամը լինի, որը հաճախ ավելի շատ գումար է ծախսում, քանի ընտանիքի ցանկացած անդամ։