Փարիզի քաղաքապետին տպավորել է Կոմիտասի թանգարանում կատարած շրջայցը
SocietyՓարիզի քաղաքապետ Անն Իդալգոն շրջայց է կատարել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Կոմիտասի ստեղծագործական կյանքին:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մուտքի մոտ Փարիզի քաղաքապետին դիմավորեցին ծաղիկներով: Թանգարանում կատարած շրջայցի ընթացքում Անն Իդալգոն ծանոթացավ Կոմիտասի ստեղծագործությունների և նրա կյանքի հետ կապված նյութերի հետ, որոնք ներկայացված են թանգարանում:
Շրջայցից հետո Փարիզի քաղաքապետը մասնակցեց փոքրիկ երաժշտական ծրագրի, որի ընթացքում դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը կատարեց Կոմիտասի ստեղծագործություններից:
Այնուհետև Անն Իդալգոն Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ այցելեց զանգակատուն: Նիկոլայ Կոստանդյանը պատվավոր հյուրին հայտնեց, որ հոկտեմբերի 8-ը Կոմիտասի ծննդյան օրն է և քանի որ օրը խորհրդանշական է այն առումով, որ այդ օրը նշվում է նաև Երևանի օրը, պետք է հնչեն զանգակատան զանգերը: Նիկոլայ Կոստանդյանը և Փարիզի քաղաքապետը միասին հնչեցրեցին զանգերը:
Անն Իդալգոն նաև գրառում կատարեց Կոմիտասի թանգարանի հյուրերի հուշամատյանում, որից հետո թանգարանի տնօրենը նրան նվիրեց Կոմիտասի մասին պատմող գիրք և նրա կատարմամբ երգերի ձայնասկավառակ:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ով տպավորված էր թանգարանում կատարած շրջայցով, ընդգծեց, որ լավագույնն այն է, որ Ցեղասպանության մասին խոսեն այսպիսի աշխատանքներով: