Ավետարանական եկեղեցին քարոզում է ավետարանական արժեքներ, չի զբաղվում քաղաքականությամբ. ԱՀՔ հայտարարությունը
SocietyՀՀ Ավետարանական հավատքի եկեղեցիների (ԱՀՔ) միությունը խորը վրդովմունքով նույնպես դատապարտում է հոկտեմբերի 4–ին տեղի ունեցած անմարդկային ոտնձգությունը միության նախագահ, հովիվ Ռաֆայել Գրիգորյանի կյանքի և արժանապատվության նկատմամբ, ինչը լայն հասարակական հնչեղություն է ստացել նաև ԶԼՄ-ներում. տեղեկացնում է ՀՀ Ավետարանական հավատքի եկեղեցիների միության հովվական խորհրդի քարտուղար` հովիվ Էդվարդ Մանուկյանը։
Ավետարանական հավատքի եկեղեցիների միությունը պաշտոնապես հայտարարում է, որ իր քրիստոնեական դավանանքի և միության սոցիալական հայեցակարգի սկզբունքների հիման վրա կատարում է բացառապես քրիստոնեական հոգևոր ծառայություն` քարոզելով ավետարանական արժեքներ, չի զբաղվում քաղաքականությամբ, չի մասնակցում քաղաքական գործընթացներին, չի սատարում որևէ կուսակցության, սակայն իր առանձին անդամներն իրավասու են ունենալ ցանկացած քաղաքական կողմնորոշում:
ԱՀՔ միությունն ակնկալում է, որ ՀՀ իշխանությունները համարժեք կերպով կգնահատեն այս բռնարարքը մեր երկրի բարի համբավ վայելող և ծայրաստիճան պարկեշտ քաղաքացիներից մեկի՝ Ռաֆայել Գրիգորյանի նկատմամբ և պատասխանատվության կենթարկեն հանցագործներին ՀՀ օրենքների սահմաններում։
Իսկ Աստծո ժողովք միության խորհրդի և Աստծո ժողովք համաշխարհային ընկերակցության անունից իր խոր մտահոգություն է հայտնել նաև Աստծո ժողովք համաշխարհային ընկերակցության նախագահ, Աստծո ժողովք համաշխարհային ընկերակցության (ԱՄՆ) գլխավոր տեսուչ Դոկտ. Ջորջ Վուդը՝
Վանաձոր քաղաքում վերջերս կատարված միջադեպի առիթով:
Ըստ լրատվության՝ 2016 թ. հոկտեմբերի 4-ին Վանաձոր քաղաքում քաղաքական պաշտոնի ոմն հավակնորդ մի քանի երիտասարդների ուղեկցությամբ գնացել է Ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցի, որը միաժամանակ Վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանի բնակարանն է, խախտել է ընտանիքի անդորրը: Քաղաքական պաշտոնի թեկնածուն և իր ուղեկիցները բոլորի ներկայությամբ Եկեղեցու հովիվ Ռաֆայել Գրիգորյանի հետ մտել են աշխատասենյակի հարևան սենյակ, որտեղ թեկնածուն հաշվեհարդարի սպառնալիքների ներքո սկսել է ծեծել Վեր. Գրիգորյանին՝ թույլ չտալով նրան դուրս գալ սենյակից: Կանչված ոստիկանների ուղեկցությամբ նրան տեղափոխել են հիվանդանոց բուժօգնություն ստանալու համար:
Վեր. Գրիգորյանը համոզված է, որ ամբողջ այս միջադեպի պատճառը տվյալ թեկնածուի ընտրությանը Եկեղեցու տարածքում չսատարելը և Եկեղեցին քաղաքական քարոզչությունից տարանջատելն է: Վեր. Գրիգորյանն ասել է, որ ինքն անձամբ աղոթում է իրեն ահաբեկողների համար, բայց պահանջում է, որ օրենքն ու արդարադատությունը գործեն համաձայն ՀՀ օրենքների, ի պաշտպանություն Եկեղեցու և քաղաքացիների անվտանգության:
Մեզ խիստ անհանգստացնում է այս ակնհայտ ոտնձգությունը քաղաքական ահաբեկումներից ու բռնություններից զերծ մնալու եկեղեցիների իրավունքների հանդեպ: Միանալով հանդերձ իրեն ահաբեկողների համար Վեր. Գրիգորյանի աղոթքին՝ պահանջում ենք լիարժեք և արդար քննություն, որպեսզի այս օրինախախտները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:
Աշխարհի հայացքը Հայաստանին է որպես առաջին քրիստոնյա երկրին՝ այն ակնկալությամբ, որ անհրաժեշտ ամեն բան կարվի երկրում քրիստոնեական հավատքը պաշտպանելու համար, ինչպես և պաշտպանվել է դարեր շարունակ:
Հարգանոք և Քրիստոսով ձեր՝
Դոկտ. Ջորջ Վուդ,
Աստծո ժողովք համաշխարհային ընկերակցության նախագահ
Աստծո ժողովք համաշխարհային ընկերակցության (ԱՄՆ) գլխավոր տեսուչ
Ծանոթագրություն. Ներկայումս Աստծո ժողովք եկեղեցիների միությունն Ավետարանական հավատքի քրիստոնյաների աշխարհի խոշորագույն հարանվանությունն է` շուրջ 67 միլիոն հետևորդներով: